Սեպտեմբերի 15-ն է, քաղաքում՝ եռուզեռ, խցանումներ, սպիտակ վերնաշապիկներով երեխաներ, ծաղիկներ գնող ծնողներ: Ինչպես վերջին 7 տարիներին, սեպտեմբերյան այս օրը Վրաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին: Թբիլիսիի միակ ամբողջությամբ հայկական թիվ 104 հանրային դպրոցն արդեն 81-րդ անգամ բացեց դռներն առաջին դասարանցիների համար: Արդեն ավանդույթ դարձած ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումն այս տարի այլ կերպ նշվեց, սահմանափակվեց միայն Վրաստանի, Հայաստանի Հանրապետության եւ դպրոցի հիմներով ու ելույթներով, այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 40 օր առաջ կյանքից վաղաժամ հեռացած 10-րդ դասարանի աշակերտ Ռոմա Սարկիսյանի եւ, տնօրենի խոսքով, «դպրոցի մուսա» Անահիտ Բոստանջյանի հիշատակները: Այսուհանդերձ, դպրոցում կյանքը շարունակվում է: 104-ն այս տարի աշակերտների մեծ քանակի պատճառով 2 առաջին դասարան կունենա:
Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն, արդեն 104-րդ դպրոցի առաջին դասարանի ծնող Լեւոն Չիդիլյանը, կոչ է անում մնացած հայերին հայկական դպրոցներ ընդունել երեխաներին:
«Շատ ուրախ եմ, որ իմ երեխան հայկական դպրոցում է սովորելու, այս հարցը միանշանակ էր մեր ընտանիքում, չի էլ քննարկվել, կցանկանայի, որ այլ ընտանիքներում էլ չքննարկվեր: Պետությունը մեզ հնարավորություն է տվել կրթություն ստանալ մեր մայրենի լեզվով, ցավոք մեր համայնքի ծնողներն իրենց երեխաներին տանում են ոչ հայկական դպրոց, ես դա ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ եւ լեգիտիմացնել»:
Առաջին դասարանի սաներից ոմանք իրենց դեռ մանկապարտեզում էին զգում, ոմանք էլ գիտակցելով իրենց ուսերին վերցրած «բեռը», հաճախակի հուզվում էին ու դասարանից դուրս գալիս: Օկսանա Շարոյանը առաջին «Բ» դասարանի դասղեկն է: 104-ում սա իր աշխատանքային առաջին օրն է:
«Ինքս մանկավարժ եմ մասնագիտությամբ, այս ոլորտում աշխատելու մեծ փորձ ունեմ: Ինձ ավելի պարտավորված եմ զգում, որովհետեւ սա վանքի դպրոցն է: Երեխաներին շատ եմ սիրում, իմ երազած բոլոր մասնագիտությունները միշտ երեխաների հետ են կապված եղել»,- ասում է Շարոյանը:
Դպրոցն այս տարի ունի եւս մեկ լավ նորություն. 104-ի ուժերով վերանորոգվել է քառահարկ շենքի 2-րդ հարկը, որն ընդգրկում է 9 դասարան:
«Այս տարվանից դպրոցում կգործի նաեւ բժշկի սենյակ, մենք կունենանք բժիշկ: Դպրոցն ապրում է իր ավանդույթներով, եւ դա պատահական չէ, քանզի դպրոցը Վանքի տարածքում է գտնվում: Վանքից մնացել է միայն այս փոքր զանգակը, որն ամեն տարի այս օրը ղողանջում է: Այս զանգակն ու այս հողը մեզ ուժ եւ ծաղկելու հնարավորություն է տալիս»,- ասում է դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը:
Դպրոցի աշակերտներն այս տարի էլ ստացան համակարգիչներ, իսկ «Վիրահաերի միություն» կազմակերպության ներկայացուցիչները արդեն ավանդույթ դարձած նվերներ տվեցին առաջին դասարանցիներին:
Ի դեպ, Վրաստանի 132 հայկական դպրոցների շրջանավարտներից 500-ից ավելին ընդունվել են Վրաստանի տարբեր համալսարաններ: