Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընդդիմությանն առաջարկում է պահպանել ընտրական խառը համակարգը՝ միևնույն ժամանակ ավելացնելով համամասնական կարգով ընտրվող պատգամավորների քանակը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իշխանության առաջարկը ենթդրում է համամասնականի մասնաբաժինը համակարգում հասցնել 2/3-ի:
«Այս առաջարկի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական կարգով կընտրենք 100 պատգամավոր՝ 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների քանակը կնվազի՝ դառնալով 50, նախկին 73-ի փոխարեն»,- հայտարարել է Թալակվաձեն:
Խորհրդարանի նախագահի խոսքով, առկա իրավիճակից ելնելով «Վրացական երազանքի» թիմը կարողացավ կոմպրոմիսային և օպտիմալ որոշում ընդունել և ներկայացնել: Նա դիմում է ընդդիմությանը՝ կոչ անելով նրանց միանալ հարցի քննարկմանը և վերջացնել ընտրակարգի վերաբերյալ խառնաշփոթը:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև տեղի ունեցավ 4-րդ հանդիպումը, որտեղ իշխանությունը առաջին անգամ ներկայացրեց իր առաջարկը: Նախկին հանդիպումների ընթացքում ընդդիմության առաջարկներին իշխանությունը կտրականապես դեմ էր: