Քոբուլեթիի մունիցիպալիտետի Կվիրիկե գյուղում հարյուրից ավելի ծառ է հատվել, որոնք խանգարում էին հսկա էվկալիպտի (նիվենի) ծառի տեղափոխմանը: Ծառը ձեռք է բերել Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ Ուռեկիի իր դենդրոպարկում տնկելու նպատակով: Այս մասին ահազանգել է գյուղի բնակիչ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռեզո Խարազին: Սոցցանցերում նա հատված ծառերից բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել: Ըստ Խարազիի՝ ծառահատումն իրականացվել է մարտի 11-ին.
«Էվկալիպտի ծառը պետք է ձեռք բերեն ոմն Ռեզո Ջինչարաձեից, և նրա տնից կես կմ հատվածում բոլոր ծառերը հատվել են՝ որոշները կիսով չափ են տապալվել, որոշներն՝ ամբողջությամբ: Իմ հաշվարկներով 80-100 ծառ է հատված»,-ասել է Խարազին՝ «Բաթումելեբի» (բաթումցիներ) պարբերականին տված հարցազրույցում:
Խարազին ասել է, որ մոտակա օրերին ևս 50 ծառ է հատվելու, որոնք նույնպես նույն տարածքում են և խանգարում են ծառի տեղափոխմանը: Ըստ նրա՝ ծառահատումը իրականացվել է նախկին ջերմոցային տնտեսության տարածքում, դրանք տկվել էին տարածքը քամուց պաշտպանելու նպատակով, այժմ ծառուղին ամբողջովին ոչնչացվել է:
Խարազին նաև ասել է, որ տեղի բնակիչները ևս անհանգստացած են ծառահատման փաստով, սակայն վախենում են բացահայտ ներկայացնել իրենց դիրքորոշումը, քանի որ Կվիրիկե գյուղ այցելել են տեղի իշխանության ներկայացուցիչները և բնակիչներին խնդրել չխանգարել գործընթացին: