
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ պարտադիր զորակոչի մեկ տարով հետաձգման վճարը սահմանվել է 10 հազար լարի (մոտ 3 760 դոլար)։
Ըստ Բուրճուլաձեի՝ նոր որոշմամբ անձին տարկետման իրավունք կտրվի միայն մեկ անգամ։
«10 հազար լարիի դիմաց զորակոչը մեկ տարի հետաձգելուց հետո անձը նորից կզորակոչվի»,- ասել է ՊՆ նախարարը:
Հարկ է նշել, որ Բուրճուլաձեն չի անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Նա խոստովանել է, որ դրա համար բազմիցս քննադատվել է:
«Ինձ քննադատում էին պարտադիր զինվորական ծառայությունը չավարտելու համար, բայց ես օբյեկտիվ պատճառ ունեի՝ շատ երեխաներ ունեի և զինվորական ծառայությունն անցել եմ որպես ուսանող։ Գործող օրենսդրությամբ նախատեսված տարկետման պայմանները մնում են ուժի մեջ՝ առողջական վիճակ, ընտանեկան պայմաններ և այլն»,- ընդգծել է Բուրճուլաձեն: