Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում միջազգային այցելուների թիվն առաջին անգամ գերազանցել է 8 մլն-ը և կազմել 8 020 230:
Զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 6,8 տոկոս:
Մասնավորապես, միջազգային այցելուների կողմից իրականացրած այցերի քանակը կազմել է 6 647 866 (6.2% աճ), այդ թվում զբոսաշրջային այցերի թիվը՝ 4 429 601 (6%):
Ինչ վերաբերում է եկամուտներին, նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին միջազգային այցելուներից ստացած եկամուտը կկազմի 2,8 մլրդ դոլար, ինչը 25 մլն-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:
Ի դեպ, ռուս-վրացական հարաբերությունների վերջին լարվածության և երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության դադարեցման ֆոնին, Վրաստան է այցելել 1,3 մլն Ռուսաստանի քաղաքացի, այս թիվը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։