Վրաստանի նախագահի՝ Աթոնելի փողոցում գտնվող նստավայրի և Հավլաբարի թաղամասի պալատի պահպանման ծախսերը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 1,7 մլն․ լարի (մոտ 571 հազար դոլար)։
Ըստ Վրաստանի պետական պահպանության հատուկ ծառայության տվյալի՝ 2018 թվականի դեկտեմբերից 2019 թվականի սեպտեմբերն ընկած հատվածում Հավլաբարի նստավայրի և հարակից տարածքի խնամքի, նաև կոմունալ ծախսերի համար ծախսվել է ավելի քան 638 հազար լարի (ավելի քան 214 հազար դոլար)։
Հունվար-նոյեմբեր ամիսների ընդհանուր ծախսը կազմել է ավելի քան 1 մլն․ լարի (ավելի քան 351,5 հազար դոլար)։
Նույն ժամանակահատվածում Աթոնելի փողոցի նստավայրի շենքի ու հարակից տարածքի խնամքի ու կոմունալ ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 184,4 հազար լարի (ավելի քան 62,1 հազար դոլար)։ Նախագահի նստավայրի անվտանգության ծախսերը կազմել են ավելի քան 467,6 հազար լարի (ավելի քան 157,4 հազար դոլար)։
Ընդհանուր առմամբ՝ նախագահի նոր նստավայրի պահպանման ծախսերը՝ ներառյալ կոմունալ ծառայությունները, 10 ամիսների համար կազմել է 652 հազար լարի (ավելի քան 219,5 հազար դոլար)։
Հիշեցնենք՝ 2018-ին Վրաստանի նախագահ դարձած Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում աշխատել 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կառուցված նստավայրում։ Արդյունքում 5-րդ նախագահը տեղափոխվեց դեռևս 4-րդ նախագահի համար նախապատրաստված՝ Աթոնելի փողոցում գտնվող նստավայր՝ այսպես կոչվող՝ Օրբելիանիի պալատ, որում աշխատել իր ժամանակին հրաժարվել էր 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Վերակառուցված առանձնատան մակերեսը 6 հազար քմ է։ Շենքի վերանորոգման համար ծախսվել է 10 մլն․ դոլար։ Իսկ վերջերս նստավայրի համար կահույք է ձեռք բերվել՝ ժամանակակից և հնաոճ, ինչի համար ծախսվել է 2 մլն․ 800 հազար լարի (մոտ 933 հազար դոլար)։
Ինչ վերաբերում է նախկին նստավայրին, այն մայրաքաղաքի պատմական հատվածում է, Աբդուշելաշվիլի փողոցում, դասական ոճում կառուցված շենքի հեղինակներն իտալացի ու վրացի ճարտարապետներն են, շենքը կառուցվել է 5 տարի շարունակ ու արժեցել 13 մլն․ լարի (մոտ 5 միլիոն)։
Ներկա պահին այս նստավայրն օգտագործվում է միայն օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի ու պատվիրակությունների հյուրընկալության համար։