«Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի շրջանակներում Քեթի Էփաձեն մեկ տարի վրացերեն է դասավանդել հայաբնակ Սամցխե-Ջավախեթիիում։
«Ալիքի» հետ զրույցում նա վերհիշել է 2012 թվականին Բավրա գյուղում անցկացրած օրերը, իրեն հյուրընկալած ընտանիքին, ում հետ սովորել է հայերեն բառեր ու նույնիսկ կարտոֆիլի բերքահավաքի մասնակցել։
Քեթին չէր էլ պատկերացնում, որ Ջավախքում անցկացրած մեկ տարին կստիպի ապագայում նորից ու նորից այցելել այս շրջան․
«Մագիստրատուրայում սովորելու համար պետությունից ֆինանսավորում հնարավոր էր ստանալ այս ճանապարհով՝ «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրով մեկ տարի անցկացնելով Ջավախքում, վրացերեն դասավանդելով տեղի դպրոցներից մեկի աշակերտներին: Սա սկզբիցեւեթ լավ մտահաղացում թվաց ինձ: Սկզբում մի փոքր մեկուսացված էի զգում, դպրոցի աշակերտներն ու հատկապես մեծերը ինձ օտարի նման էին ընդունում: Ամեն ինչ, սակայան, փոխվեց ընդամենը մեկ ամիս անց»:
Նա մինչ օրս ջերմությամբ է պատմում Ջավախքի ՝ Վրաստան-Հայաստան ահմանային գոտում գտնվող Բավրա գյուղի դպրոցականների մասին: Ասում է` «ձեռքերով փորձում էի բացատրել, որ բառն ինչ է նշանակում, այսպիսով դասը վերածվում էր խաղի, ինչը հաճույք էր պատճառում բոլորին»:
«Հիշում եմ մի փոքրիկ տղայի՝ Աշոտին, ում դասավանդում էի: Ամեն անգամ դասից հետո այս տղան ինձ ժպտում էր, փորձում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում վրացերենով մտքերն արտահայտվել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ նա հատուկ սովորել է, թե ինչպես վրացերենով իրենց տուն հրավիրել: Իհարկե, ես համաձայնեցի, ջերմ մթնոլորտում զրուցեցի նրա ծնողների հետ…»։
Էփաձեի խոսքով՝ պետական լեզվի խնդիրը մեծ խոչընդոտ է տեղի բնակչության համար.
«Ես դասավանդում էի 1-ից 6-րդ դասարաններում, 1-ից 4-րդ դասարանցիները հեշտությամբ էին ընկալում լեզուն, 4-րդից բարձր դասարանների աշակերտները պակաս մոտիվացված էին։ Դրա պատճառ կարող է նաև վրացերենի քերականության բարդացումն էր: 6-ից բարձր դասարանի աշակերտները ,սակայն, հաճախ էին ասում` ինչո՞ւ պիտի վրացերեն սովորեն: Ինչ վերաբերում է տեղի բնակչությանը, շփվում էինք ռուսերենով․ նրանք չգիտեին վրացերեն, ես՝ հայերեն»:
Քեթին նկատել է, որ տեղի բնակչությունը դիտում էր հիմնականում ռուսական հեռուստաալիքներ։ Երբ հարցրել է՝ ինչու վրացականը չեն դիտում, պատասխանել են, որ վրացական հեռուստաալիքներ ունենալու համար պետք է 50 լարի վճարեն, որի հնարավորությունը չունեն:
Վրացերենի ուսուցչուհին փորձել է աշակերտների շրջանում պետական լեզվի հանդեպ հետաքրքրություն առաջացնել՝ դասարան մտնելով ողջունել է հայերենով, ինչին երեխաները վրացերենով են պատասխանել։
«Բարեւ Ձեզ, շնորհակալություն, բարի լույս․․․»,- իր սովորած հայերեն բառերն է արտաբերում՝ հավելելով, որ տարեվերջին արդեն հայերենով շատ խոսակցություններ հասկանում էր»: Խոսելով ընտանիքի մասին, որտեղ ապրել է նա, նշում է․ «այդ ընտանիքի հետ կապված բախտս բերել է»:
«Շատ կիրթ ընտանիքում էի բնակվում: Տան տղամարդը տարվա մեծ մասը երկրրում չէր․ Ռուսաստանում էր աշխատում: Նա ստիպված էր լինում մորը, կնոջը և երեխաներին մենակ թողնել: Մինչ օրս էլ շփվում եմ նրանց հետ: Այս ընտանիքը տեղյակ էր բոլոր այն կարծրատիպերին, որոնք գոյություն ունեին հայերի ու վրացիների միջև միմյանց հանդեպ: Ուրախ եմ, որ այս ընտանիքում դրանց փոխարեն միայն դրականն էր վեր հանվում»:
Ջավախքյան ավանդույթները Քեթին նմանեցնում է վրացականին՝ նշելով, որ խոհանոցում էլ են դրանք առկա․
«Հիշում եմ, երբ դեռ նոր էի ընտելանում տեղին, ընտանիքի անդամները տապակած կարտոֆիլ էին պատրաստել: Կարտոֆիլը, որ ես շատ եմ սիրում, տարածված է ջավախքցիների խոհանոցում։ Այնտեղ այն շատ է համեղ: Զարմանալին այն էր, որ ինձ առաջարկեցին իրենց պատրաստած տղեմալին համտեսել»:
Վրացերենի ուսուցչուհին իր ջավախքյան ընտանիքի հետ մասնակցել է նաև կարտոֆիլի բերքահավաքին: 2012 թվականից հետո Քեթին մի քանի անգամ արդեն այցելել է Ջավախք, առաջիկայում ևս պատրաստվում է այցելել Բավրայում ապրող իր հայ ընտանիքին: