2018թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել առանց մուտքի արտոնագրի: Այս մասին ասվում է «Աշխարհի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի» կողմից երկրպագուների համար բացված welcome2018.com կայքում:
Հայտարարությունում նշվում է, որ սահմանն առանց վիզայի հատելու համար Վրաստանի քաղաքացի ֆուտբոլասերները սահմանապահներին պետք է ներկայացնեն առաջնության տոմսը և այսպես կոչված երկրպագուի անձնագիրը՝ FAN ID-ն:
Վերջինս պարտադիր է աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև ՌԴ-ի քաղաքացիների համար: Այն հնարավոր է ձեռք բերել առցանց՝ միջոցառման պաշտոնական կայքից:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: