Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի Մթածմինդա լեռան գագաթին գտնվող այգում տեղի ունեցավ «Գերմանական գործարար համայնքների օքտոբերֆեսթ» փառատոնը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Գերմանական տետեսական միավորում» կազմակերպության ջանքերով: Կեսօրին բացված փառատոնը շարունակվեց մինչև կեսգիշեր և հարյուրավոր այցելուների հնարավորություն տրվեց ճաշակել գերմանական ավանդական ուտեստներ, վայելել կենդանի երաժշտություն, մասնակցել սպորտային տարբեր մրցույթների և իհարկե՝ համտեսել փառատոնը խորհրդանշող գարեջուր: Միջոցառման կազմակերպիչ «Գերմանական տետեսական միավորում» կազմակերպության խորհրդի անդամ է նաև Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը: Փառատոնին ներկա էր Վրաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հաիկե Փաիչիան: Դեսպանը նշեց, որ ներկա գտնվողները այստեղ չեն եկել երկար ճառեր լսելու, ուստի երկար խոսքով հանդես չեկավ: Շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին մասնակիցներին և աջակիցներին՝ դեսպանը բարի ժամանց մաղթեց:
Մթածմինդայի այգում տեղի ունեցող միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին. «Այսօր մեզ համար մեծ պատիվ է գերմանացի ժողովրդի հետ մեկտեղ նշել մի միջոցառում, որը ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ով Վրաստան է հասցրել այս գեղեցիկ միջոցառումը։ Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ մենք շարունակում ենք կարեւորել մեր երկրի համար դեպի Եվրոպա մուտքի արտոնագրի ազատականացումը: Շատ ողջունելի է այս ամենը Վրաստանում, սակայն կցանկանայինք նաև Մյունխենում նշել այն»,֊ հայտարարեց Ուսուփաշվիլին, հավելելով, որ այս փառատոնը ոչ թե գարեջրի՝ այլեւ ազատության փառատոն է, ուստի ներկա գտնվողներին Խորհրդարանի նախագահը շնորհավորեց ազատության տոնի կապակցությամբ: Փառատոնին ներկա էր նաև Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Ռեկվինաձեն, ով ասաց, որ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից մշտապես ողջունվելու նման նախաձեռնությունները. «Այսօր շատ հաճելի օր է։ Թբիլիսիի բնակչությանն ու նրա հյուրերին հնարավորություն է տրվում զգալ իրական գերմանական ոգին: Մենք պատրաստ ենք աջակցել նման տիպի բոլոր նախաձեռնություններին, որոնք հաճելի միջավայր կստեղծեն մեր հանրության համար»։