Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի տեղեկատվության համաձայն՝ Գիորգի Մամալաձեն չի հաստատում, որ իր մոտ կյանքի համար վտանգավոր նյութ՝ ցիանիդ է եղել: Ըստ Նանուաշվիլիի, Մամալաձեն նաև պնդել է, որ իրավապահների կողմից խուզարկության արդյունքում իր մոտ նման նյութ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն օրեր առաջ ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի մոտ: Երկրի դատախազության հայտարարության համաձայն՝ Մամալաձեի մոտ հայտնաբերվել է ցիանիդ, որով նա փորձել է թունավորել պատրիարքին:
Օմբուդսմենը ասել է, որ այս գործի շուրջ բազում հարցեր կան, այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել:
«Հույս ունեմ՝ կարճ ժամկետներում բոլոր հարցերին պատասխան կտրվի: Շատ կարևոր է, որպեսզի փաստաբանին հնարավորություն տրվի պաշտպանել մեղադրյալին: Մենք տեսնում ենք, որ մեղադրող կողմը բացահայտ ասում է ամեն ինչ, իսկ փաստաբանին նման հնարավորություն չի տրվում: Սա լուրջ խախտում է, որը հուսով եմ՝ շուտով կշտկվի»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը: