Օգոսոտսի 8- ի վրաստանյան մամուլը առավելապես խոսեց 8 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմի մասին: Օգոստոսի 8-ին Վրաստանը ոգեկոչեց կարճատև պատերազմի ժամանակ զոհված վրաց զինվորականների, խաղաղ բնակիչների հիշատակը: Այս թեմային առնչվող հիմնական նորություններին կարող եք ծանոթանալ Aliq մեդիայի լրատվական թողարկումներից:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդում է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնության հանրաքվե անցկացնելու շուրջ խորհրդակցություններ է սկսում: Տեղեկացնելով, որ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններով հանրաքվեի մասին ԿԸՀ-ում գրանցված հայտն արդեն նախագահականում է, լրատվամիջոցը նշում է, որ այժմ պետք է որոշում կայացնի նախագահը:
Եթե Մարգվելաշվիլին դրական որոշում կայացնի, ապա Վրաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն` «համաձա՞յն եք, որ քաղաքացիական ամուսնությունը սահմանվի որպես ընտանիքի ստեղծման նպատակով տղամարդու եւ կնոջ միջեւ կապ» հարցին:
«Ռուսթավի 2»-ը տեղեկացնում է նաև, որ հասարակության որոշ խմբեր գտնում են, որ նախագահը չպետք է նման հանրաքվե անցկացնելու որշում կայացնի և այդ նպատակով ստորագրահավաքներ են սկսել: Իսկ «Վրացական երազանքը» հանրաքվեի անցկացման հույս չունի, թեև դաշինքից առանձնացած որոշ գործիչներ պնդում են` նախագահը կբավարարի այս առաջարկը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ, խորհրդարանական փոքրամասնության (Միացյալ ազգային շարժման) ներկայացուցիչներն էլ գտնում են, որ հարցի սահմանումն արդեն օրենքով տրված է և «նույնը սահմանադրության մեջ գրելու պահանջը իշխանության կողմից նախընտրական պոպուլիզմ է»:
Հավելենք, որ Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106-րդ հոդվածը տալիս է ամուսնության մասին հստակ ձևակերպումը` «ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է», սակայն Սահամադրության 36-րդ հոդվածի առաջին կետում չի մատնանշվում ապագա ամուսինների սեռը:
«Netgazeti.ge» պարբերականում կարդում ենք, որ կայացել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիայի աշխատանքային առաջին հանդիպումը: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ հանդիպմանը որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կաշխատի ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համատեղելիության բարձրացման, երկրի պաշտպանական կարողությունների զարգացման և ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի անհրաժեշտ հանձնարարականների ուղղությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինե Իմերլիշվիլին:
Վրաստանյան մամուլը ակտիվորեն լուսաբանեց նաև Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը, տեղեկացնելով, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվել: «Frontnews»-ը գրում է` փաստաթղթում նշված է, որ կողմերը պետք է պայքարեն ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի, ապօրինի զենքի առք ու վաճառքի, թրաֆիքինգին և կիբերհանցագործության դեմ:
Կողմերը նաև համաձայնել են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են լիարժեք համագործակցությանը: Ըստ «Frontnews»-ի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները նշել են` տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքի համաձայն: