Վրաստանյան մամուլը շարունակում է լուսաբանել Հորդանանի թագավորության փոխվարչապետ, Կրթության նախարար Մոհամադ Սնեյբաթի պաշտոնական այցը Վրաստան: «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ այսօր Մոհամադ Սնեյբաթը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հորդանանի թագավորության փոխվարչապետը Վրաստանում է գտնվում ՄԱԿ-ի Մշակութայնի ժառանգության պաշտպանության ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա խնդիրներ և խոսել համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության մարտահրավերների վերաբերյալ: Հորդանանի հաշիմյան թագավորության ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հորդանանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
«Netgazeti.ge» պարբերականը, շարունակելով լուսաբանել Վրաստանում նախընտրական շրջանը, տեղեկացնում է, որ «Նոր աջակողմյաններ» կուսակցության առաջնորդ Մամուկա Կացիտաձեն հայտարարել է, որ մոտ օրերս կորոշվի «Նոր քաղաքական կենտրոն Գիրչի»-ի և Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» կուսակցության հետ կստեղծե՞ն ընտրական դաշինք թե ոչ: Կացիտաձեն նշել է, որ «Նոր աջակողմյաններ»-ը ամեն դեպում ընտրությունների կմասնակցեն նախըտրական դաշինքի ձևով: Իր հերթին Գիորգի Վաշաձեն հաստատել է, որ այս 3 կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում և մոտ օրերս որոշում կկայացնեն: «Նոր աջակողմյաններ»-ը Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, ԿԸՀ-ում օգոստոսի 3-ին են գրանցվել:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում » կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքն այսօր անդրադարձել է Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի կողմից բարձրաձայնած հայտարարությանը: Կազմակերպությունը հայտարարել է, որ Վրաստանում ապրող էթնիկ փորամասնությունների հիմնական խնդիրը կրթությունն ու ԶԼՄ-ների հասանելիությունն է: Նաև խոսվել է ազգային փոքրամասնությունների ինտեգրացիոն խնդիրների մասին: Կազմակերպությունը առաջարկություններ է ներկայացրել և ծանոթացել այս ուղղությամբ կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությանը կից հանձնաժողովը, նամակով դիմել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը, օգոստոսի 4-ին Թելավի քաղաքում «Ժողովրդական շարժում. Սոցիալիստական Վրաստան» ոչ ձեռնարկատիրական իրավաբանական կազմակերպության կողմից տեղի ունենալիք միջոցառման վերաբերյալ, որտեղ կազմակեպության կողմից «հնարավոր է կոմունիստական տոտալիտար խորհրդանիշեր օգտագործել»:
«Հանձնաժողովը դիմել է ՆԳՆ-ին, ելնելով «Ազատության խարտիա»-ի օրենսդրությունից, ապահովել կոմունիստական տոտալիտար գաղափարախոսություն հրահրելու դեմ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ» ,- նշված է ԱԱԾ-ի հայտարարությունում: Հանձնաժողովը նաև ուղղերձ է ուղարկել «Ժողովրդական շարժում. Սոցիալիստական Վրաստան»-ի ղեկավար Վալերի Կվարացխելիային, որպեսզի «Ազատության խարտիա»-ի 7-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջների համապատասխան, վերը նշված միջոցառման ընթացքում թույլ չտալ կոմունիստական տոտալիտար խորհրդանիշների օգտագործումը, հակառակ դեպքում կիրականացվի Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության ենթարկելու քայլեր, տեղեկացնում է «Liberali.ge»-ին:
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: «Frontnews»-ի փոխանցմամբ, Գոմելաուրին այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Խոսել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների կարևորության մասին: Պաշտոնական այցի շրջանակներում, Վրաստանի ԱԱԾ-ի պետը հանդիպել է նաև Ադրբեջանի Անվանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևին: Կողմերը խոսել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության խորացման հեռանկարի մասին, ինչը ` կարևոր է տարածաշրջանում անվտանգության և կայունության համար»: Խոսվել է նաև գերատեսչությունների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Վրաստանի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունների միջև համագործակցության հուշագիր: