Վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում այսօր Ադրբեջանի արտգործնախարարի այցն էր Վրաստան: «Kvira.ge» պարբերականը գրում է, որ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովին: Արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Միխեիլ Ջանելիձեն և նրա ադրբեջանցի գործընկերը, որը Թբիլիսի է եկել պաշտոնական այցով, խոսել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործնկերության հարցերի շուրջ: Նախարարները ևս մեկ անգամ մատնանշել են երկու երկրների միջև առկա քաղաքական, առեւտրատնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում հաջող համագործակցության իրողությունը։ Մասնավորապես կարեւորվել են Վրաստանի և Ադրբեջանի համագործակցության նշանակությունը` գլոբալ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացման գործընթացում: Այս առումով կարևորվել են բնական գազի միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը: Նախարարները ընդգծել են, որ նշված նախագծերի հաջող իրականացումը մեծ նշանակություն ունի, մի կողմից՝ Եվրոպայի էներգետին անվտանգության հզորացման, մյուս կողմից՝ Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության տեսանկյունից: Առևտրա-տնտեսական երկկողմ համագործակգության հարցերից խոսելիս Վրաստանի արտգործնախարարը կարևորել է Ադրբեջանի կողմից ներդրումների աճող ծավալը և այս առումով առկա հեռանկարները: Ըստ Վրաստանի արտգործնախարարի հայտարարության` տնտեսական համագործակցության ցուցանիշը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի և Ադրբեջանի գործընկերական և բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև երկու երկրի միջև սահմանազատման (դելիմիտացիայի) գործընթացը ժամանակին ավարտելու կարևորությանը: Արտգործնախարարները խոսել են նաև տարածաշրջանի մարտահրավերների մասին: Վրաստանի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակին: Կողմերը ևս մեկ անգամ հաստատել են տարածքային ամբողջության և ինքնիշխանության փոխադարձ աջակցությունը: Հանդիպման ընթացքում խոսել են նաև միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության մասին: Այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ:
«Frontnews.ge»-ի փոխանցմամբ` ամենախոշոր չինական կորպորացիաները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի՝ շինարարության, վրացական գինիներով և զբոսարջության ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարներով։ Այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ չինական «Hualing Group»-ի նախագահ Մի Էնհուայի, ինչպես նաեւ չինական մի քանի այլ կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Գիորգի Կվիրիկաշվիլին Չինաստանցի գործարարներին ծանոթացրել է ներդրումային միջավայրին և նշել, որ Վրաստանը ներդրողներին առաջարկում է մեծ հնարավորություններ՝ ազատ և բաց տնտեսություն: Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել վրացական գինու արտահանման ծավալների ավելացմանը։ Ընդգծվել է վերջին շրջանում Չինաստանում վրացական գինու աճի դինամիկայի փաստը: Նաև խոսվել է Վրաստանում զբոսաշրջության ուղղությամբ առկա առաջընթացը՝ տարեկան կտրվածքով այցելուների թվի աճի իրողությունը: Կողմերը ընդգծել են ազատ առևտրի համաձայնագրի կաևորությունը, ինչը՝ նրանց խոսքերով, մեծ հնարավորություն է տալիս երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ներկայացրել է Թբիլիսիի մեծամասնական թեկնածուներին և կուսակցության անդամներին: Նաթելաշվիլին կարծում է, որ նրա խումբը կկարողանա ընտրություններին հաղթել: Լեյբորիստական կուսակցության առաջնորդը «Վրացական երազանք»-ի կողմից Թբիլիսիում առաջադրված մեծամասնական թեկնածուներին հավանություն չի տվել: «Մենք կանգնած ենք մեծ թագավոր՝ Թբիլիսիի հիմնադիր Վախթանգ Գորգասալիի արձանի մոտ, որի հիմնադրած քաղաքը Բիձինա Իվանիշվիլիի ամբոխը ևս մեկ անգամ ամոթի առարկա է դարձրել, մայրաքաղաքում մեծամասնական ընտրակարգով ներկայացնելով` բացասական անցյալով եւ երկրին օգուտ չբերող թեկնածուների: Մենք ներկայացնում ենք մարդկանց, ովքեր՝ ի տարբերություն Կառավարության ներկայացուցիչների, կմտածեն նրա մասին, թե ինչպես Թբիլիսիին վերադարձնեն նախկին փառքը»,- հայտարարել է Նաթելաշվիլին:
Վրաստանյան մամուլում ակտիվ խոսվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մասին: «Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին: Այս մասին լրացրողներին հայտնել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը, ինչի մասին տեղեկացրել է «Messaggero» պարբերականը: Պարբերականի փոխանցմամբ, խոսակցությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության մասին՝ աղքատության դեմ պայքարում: «Նրանք խոսել են աշխարհի առավել աղքատ բնակչությանը աջակցելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Հռոմի Պապի մամուլի ծառայության ղեկավարը:
«Interpressnews»-ը կրկին անդրադարձել է ազգային արժույթի գնի փոփոխությանը՝ տեղեկացնելով, որ մեկ ամերիկյան դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2.2914 լարի: Վրաստանի Կենտրոնական բանկի համաձայն, լարիի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է: Մասնավորապես այսօրվանից մեկ ամերիկյան դոլարի պաշտոնական արժեքն է 2.2914 լարի: Փոխարժեքը, որը գործել է մինչ օրս կազմել է 2.2856 լարի: Համապատասխանաբար լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը կազմել է 0.0058 լարի: Զուգահեռաբար ազգային արժույթի փոխարժեքը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է: Այսպես, օգոստոսի 29֊ին, մեկ եվրոյի գինը կազմել է 2.5625 լարի, այն դեպքում երբ մինչ այդ գործող փոխարժեքը կազմում էր 2.5802 լարի: Համապատասխանաբար լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը եվրոյի նկատմամբ կազմել է 0.0177 լարի: