Վրաստանյան մամուլում ամենաշոշափվող թեմաներից մեկը Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն է:
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախում է տեղի ունեցել: Պատճառն այն էր, որ ցուցարարները քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ փորձել են վրան տեղադրել, ինչը խափանվել է ոստիկանության և քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների կողմից։ Ցույցի ղեկավարներից Նատա Փերաձեի հայտարարությամբ` իրենք Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ փորձելու են վրան տեղադրել և այս հարցով դիմել են քաղաքապետարանին: Նաև հայտնի է դարձել, որ ցուցարարները օգոստոսի 26-ին Սակրեբուլոյում քաղաքապետի ելույթին ներկա չեն գտնվելու: «News.ge»-ի փոխանցմամբ ՝ Թբիլիսիի քաղաքապետին լսելու համար, Թբիլիսիի Սակրեբուլոյում ժամը 16:00-ին տեղի կունենա արտահերթ նիստ: Տեղեկատվությունը տարածել է Թբիլիսիի Սակրեբուլոյի մամուլի ծառայությունը: Արտահերթ նիստի ընթացքում քննարկման գլխավոր թեմաները կլինեն մայրաքաղաքի կանաչապատված տարածքները և նրանց խնամքի հետ կապված հարցերը: Սակրեբուլոյի անդամնեը այս թեմայի շուրջ կլսեն քաղաքապետի զեկույցը:
«Interpresnews»-ի հաղորդմամբ` այս տարի 27.782 դիմորդ դարձել է ուսանող: Ըստ քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության, պետական դրամաշնորհ ստացել է 6.500 դիմորդ, իսկ 4000-ը՝ ընդունվել է անվճար պետական կրթական համակարգով: Ըստ նրանց, ուսանող է դարձել դիմորդների 74%-ից ավելին: Ըստ Մայա Միմինոշվիլիի այս տարի` նախորդ տարվա համեմատ, համալսարան ընդունվողների թվաքանակը գրեթե չի փոխվել: Եթե անցյալ տարի ընդունվել էր 28.000 ուսանող, ապա այս տարի նրանց թիվը կազմում է 27.782:
Միեւնույն պարբերականը հրապարակել է Իտալիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը, որը հասել է 250-ի։ Ըստ «BBC»-ի` մահացածների թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ: Մասնավորապես Ռումինիան արդեն հաստատել է, որ աղետի հետևանքով զոհվել է երկրի 2 քաղաքացի: Իտալիայի առողջապահության նախարարությունում չեն բացառում, որ մահացածների թիվը կավելանա, քանի որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան: Աղետից տուժած քաղաքներում աշխատում է մոտ 5000 փրկարար և կամավորական: Փրկարարական աշխատանքներին նաև մասնակցում են զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ և միջազգային հումանիտար (մարդասիրական) կազմակերպությունների անդամներ: «Interpresnews.ge» պարբերականը լուսաբանում է ազգային արժույթի գնի փոփոխությունը` տեղեկացնելով, որ մեկ ամերիկյան դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2.2857 լարի: Այսօրվա գործող փոխարժեքը կազմում էր 2.2976 լարի: Համապատասխանաբար լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը կազմել է 0.0119 լարի: Ազգային արժույթի փոխարժեքը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է: Մասնավորապես, այսօր 1 եվրոն հնարավոր է եղել գնել 2.5817 լարիով: Այսօր Վրաստանի Կենտրոնական բանկը արժութային աճուրդում վաճառել է 20 մլն ԱՄՆ դոլար: