Վրաստանյան մամուլը այսօր առավելապես խոսեց Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի և Հորդանանի թագավորության փոխվարչապետ ու կրթության նախարար Մոհհամադ Թնեյբաթի հանդիպման մասին:
Հորդանանի փոխվարչապետը Վրաստանում է գտնվում ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությանը ծանոթանալու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան: «Kvira.ge»-ն գրելով հանդիպման մանրամասների վերաբերյալ, փոխանցում է, որ կողմերը քննարկել են Էկոնոմիկայի և կրթության համակարգերի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ հաջող տնտեսություն ստեղծելու համար մեծ դեր է խաղում կրթության համակարգը:
Ոչ պակաս քննարկվող թեմա էր նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը: Սահակաշվիլին իր հայտարարության մեջ ասել է, թե ոչ մի տուգանքից չի վախենա,և կպայքարի «հայրենիքում տիրող անարդարության դեմ»: Սահակաշվիլին ասել է նաև, որ իրեն քաղաքացիությունից զրկել է Իվանիշվիլին:
Օրեր առաջ, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դիմել է Աջարիայի ընտրական գերագույն հանձնաժողովին և երկրի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գտնում է, որ երեկ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածուներին ներկայացնելու ժամանակ, Բաթումիի բնակչությանը ուղղված տեսանյութում Սահակաշվիլին խախտել է նախընտրական քարոզարշավի մասին օրենքը: Նրանց խոսքերով՝ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, օտարերկրյա քաղաքացին իրավունք չունի մասնակցել երկրում նախընտրական քարոզարշավին: Կազմակերպությունը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Սահակաշվիլիի դեմ` 2000 լարի տուգանքի չափով, տեղեկացնում է «Interpressnews»-ը:
Միևնույն պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը, Վրաստանի նախկին նախագահին կոչ է արել չխառնվել Վրաստանի քաղաքական գործընթացներին: Նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքական գործընթացներին իրավունք չունի խառնվել: «Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիին կոչ ենք անում զերծ մնալ Վրաստանի քաղաքական գործերին ներգրավվելուց: Նա, որպես անձ, ով չունի Վրաստանի քաղաքացիություն, քաղաքական գործունեություն ծավալելու և մասնակցելու իրավունք չունի» -մասնավորապես ասել է Դոլիձեն:
Յոթ ամսվա կտրվածով միջազգային ճանապարհորդների թիվը Վրաստան կազմել է 3.400.335 մարդ, այս մասին տեղեկացնում է «Liberali.ge»-ին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ` գրանցվել է 10.6% աճ: Հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 1.401.914 զբոսաշրջիկ՝ 17.5% ավել նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ: Վրաստան ամենաշատ այցելություն գրանցվել է Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Դրական միտում է պահպանվել նաև Եվրամիության անդամ երկրներից Վրաստան այցելողների թվաքանակի տեսանկյունից: Հունվար-հուլիսին 32.8%-ով ավելացել է Սլովակիայից, Լատվիայից՝ +25.1%, Հունգարիայից՝ +21.4%, Չեխիայից՝ +19.5% և Իտալիայից՝ +16.5%: Զբոսաշրջության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի առաջին քառամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 345.5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը` 48 միլիոնով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ վերջում սպորտի մասին:
«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլից դուրս է մնացել: Թբիլիսիի «Դինամո»-ն Թբիլիսում խաղացել է Զագրեբի «Դինամո»-ի հետ: Խաղը վերջացել է 1:0 հաշվով՝ ի օգուտ Խորվաթիայի: Իսկ առաջին խաղը, որը տեղի էր ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում նույնպես ավարտվել էր Թբիլիսիի «Դինամո»-ի պարտությամբ: