Օգոստոսի 12-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլն  այսօր անդրադառնում է   Դիդգորիի տոնին նվիրված միջոցառումներիին:  «Ռուսթավի 2» հեռուստաալիքը մասնավորապես տեղեկացնում է, որ Դիդգորիի հուշահամալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին,  կառավարության անդամները:  Միջոցառմանը մարտական գործողությունների ժամանակ խիզախության և ծառայակցի   կյանքը փրկելու համար  «Դիդգորիի խաչ» մեդալի են արժանացել Վրաստանի ԶՈՒ-ի մայոր Զազա Ցերծվաձեն և սերժանտ Գիորգի Ճովելիձեն:

«Kvira.ge»-ն գրում է, որ պարգևները  հանձնել է Վրաստանի Պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիան: Վերջինս իր ելույթում վրաց ժողովրդի պատմության մեջ կարևոր դրվագ է համարել Դիդգորիի ճակատամարտը:

Վրաստանում նախընտրական պայքարը գնալով էլ ավելի է թեժանում: «Frontnews»-ի փոխանցմամբ՝  երկրի  Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին պատրաստվում է Գորիում իր թեկնածությունն  առաջադրել  մեծամասնական ընտրակարգով:  Ինչպես հայտարարել է Օքրուաշվիլին,  Գորիում բարդ  ընտրապայքար է սպասվում: «Իշխող կուսակցությունը  անկիրթ վերաբերմունք է ցուցաբերում բնակչության հանդեպ, երբ ներկայացնում է իր թեկնածուներին: Նրանք ոչ մի կապ չունեն պառլամենտարիզմի հետ»,— Օքրուաշվիլիի խոսքերն է մեջբերում  «Frontnews»-ը:

Թեմային անդրադարձել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման  և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին:
«Օքրուաշվիլին կառաջադրի իր թեկնածությունը,  թե ոչ,  դա իր որոշումն է:  Բայց ես համոզված եմ, որ վրաց ժողովուրդը լավ է հիշում բոլորի, այդ թվում նաև Օքրուաշվիլիի ծառայությունները»,— հայտարարել է Ջավախիշվիլին:

«Interpressnews» լրատվականը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության   Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ն սրանով փաստորեն արձագանքում է 2008 թ.  ռուս-վրացական  պատերազմի մասին Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը` նշելով, թե  «պաշտոնական Թբիլիսիին անցած  8  տարիները բավարար չէին, որպեսզի հասկանար երկրի  տարածքների մասնատման   իրական պատճառները»:  

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն, այսօրվա իրականությունը այն է, որ Վրաստանի «նախկին տարածքներում» գոյություն ունեն  երկու անկախ պետություններ, որոնք ինքնուրույն են որոշում իրենց ներքին և արտաքին քաղաքականությունն ու   մտածում իրենց անվտանգության, այդ թվում, սահմանների բարելավման մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն  նաև նշում է, որ   Վրաստանի ԱԳՆ-ն   ավանդույթի համաձայն իր հայտարարություններում շեշտում է  2008 թ. օգոստոսի 12-ին  հրադադարի շուրջ  ձեռք  բերված համաձայնագրի մասին, որը ռուսական կողմը «միֆ»  է համարում:
«Ստիպված ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ նման փաստաթուղթ չկա:  Իրականում խոսքը գնում է հակամարտության կարգավորման 6 սկզբունքների մասին, որը շրջանառության մեջ են դրել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները` վրացական, օսական ու աբխազական  կողմերին առաջարկելով  ստորագրել»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է նաև Ուկրաինայի ղեկավարությանը, մասնավորապես նախագահ Պյոտր  Պորոշենկոյին ու  այդ երկրի ԱԳՆ-ին՝ Վրաստանի հանդեպ դրսևորած զորակցության համար:

Վրաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում  կարդում ենք  Կրեմլում տեղի ունեցած փոփոխությունների մասին:  «Liberali.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր   աշխատակազմի  ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնն իջեցրել է: Իվանովը այսուհետ  Շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտում նախագահի ներկայացուցիչը կհանդիսանա`իր տեղը զիջելով տեղակալին` Անտոն Վիանոնին: Բացի այդ,  Իվանովը այլևս չի հանդիսանա  Ռուսաստանի Ազգային անգտանգության խորհրդի անդամ: Պարբերականը հիշեցնում է՝ «ՊԱԿ-ի  նախկին սպա , Պաշտպանության նախկին նախարար և վարչապետի նախկին տեղակալ Իվանովը  Պուտինի դաշնակիցն էր համարվում: 2008թ.-ին,  երբ Պուտինի նախագահության ժամկետը լրացել էր, Իվանովը համարվում էր նրա իրավահաջորդը, սակայն Պուտինը ընտրեց Դիմիտրի Մեդվեդևին»:

 

Թողնել պատասխան