«Շատերը կարող են մտածել, որ պատահական չէր Գիգի Ուգուլավայի նամակն ու նրա բանտից ազատ արձակվելը: Մարդիկ այդպես մտածելու իրավունք ունեն»,-այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ, աժմ Ուկրաինայում ընդդիմության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլին նաև ասել է, որ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի համար քաղաքական գործիչներին պաշտոնի նշանակելն ու հեռացնելը նոր զբաղմունք է: Գրում է «frontnews.ge»-ն:
«Ես քաջատեղյակ եմ օլիգարխների գործելաոճին․ դա լավագույնս տեսնում եմ նաև Ուկրաինայում։ Նրանց համար անչափ դժվար է կողքից հետևել իրադարձությունների զարգացմանը: Նա (Իվանիշվիլին) է որոշում, թե որտեղ պետք է կանգնեցվի ծառը, որ դաշտում գործի քաղաքական գործիչը: Օրինակ, որոշեց, որ Ալասանիան պետք է լինի քաղաքական դաշտում, հետո՝ չպետք է լինի, և նման շատ այլ դեպքեր․․․»,-նշել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը նաև ասել է, որ երբեմնի կողմակիցները, որոնք ճաղերի հետևում են հայտնվել Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո, չարացել են իր նկատմամբ։ «Ես գիտեմ, որ Գիգիին ու մյուսներին բանտ են նստեցրել իմ պատճառով, սակայն դա չպետք է նրանց չարացնի իմ դեմ ավելի, քան նրա, ով անարդարացիորեն է պատժել»,-ասել է Սահակաշվիլին։
Հիշեցնենք՝ Սահակաշվիլիի հիմնադրած, երկրում մինչ օրս ազդեցիկ համարվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն օրեր առաջ լքեցին առաջին դեմքերը, Սահակշվիլիի նախկին զինակիցները։