3…2…1… հետհաշվարկով ազդարարվեց «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած բարեգործական մարաթոն-դրամահավաքի մեկնարկը:
Մարաթոնը մեկ փոքրիկի կյանք փրկելու նպատակ ունի: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կազմակերպությանը դիմեց տասնամյա Մարիամ Սարգաթյանի մայրը՝ երեխայի բուժման ծախսերի հարցում աջակցելու խնդրանքով:
Մարիամի մայրիկից երկար ժամանակ պահանջվեց՝ փոքրիկի առողջական խնդիրների ամբողջ շարքը ներկայացնելու համար: Հետծննդյան վնասվածք, երեք տարեկանում՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշում, աղջնակը գլխուղեղի բարդ վիրահատություն է տարել, որից վեց ամիս անց վիճակը սկսել է ավելի վատանալ. Մարիամը դադարել է խոսել, շարժումները սահամափակվել են: Այժմ նրան բժշկական լուրջ միջամտություններ են հարկավոր, մասնագետները առողջանալու հնարավորությունը գնահատում են 70-80%: Ստամբուլում վիրահատություն և հետվիրահատական ընթացք անցնելու համար անհրաժեշտ 45 հազար դոլարից Վրաստանի առողջապահության նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը համատեղ ապահովել են գումարի գրեթե կեսը, այլ աջակիցների միջոցով ևս տասը հազար է հավաքվել: Մարիամի առողջությունն ու կյանքն այս պահին կախված է 14 հազար դոլարից:
«Երախտապարտ եմ բոլոր այն անձանց, ովքեր կազմակերպեցին, աջակցեցին, մասնակցեցին, ովքեր ցանկացան մասնակցել, բայց չստացվեց, հույս ունեմ ինչ-որ արդյունք կլինի, ուզում եմ խնդրել բոլորին, օգնել իմ Մարիամին»,-ասում է Մակա Ռիգվավան:
Չնայած «Վիրահայերի միությունը» բարեգործական կազմակերպություն չէ, ֆինանսական միջոցներ չունի, հուսահատ մայրիկին մերժելու փոխարեն կազմակերպությունում գտել են փոքրիկին ինչ-որ կերպ օգնելու և մոր հոգսերը փոքր -ինչ թեթևացնելու տարբերակ: Որոշվել է կազմակերպել մարաթոն, ստացված գումարը փոխանցել Մարիամի հաշվին: Սիմվոլիկ վազք՝ 2,5 մետր, «Կուս Տբայի» (Կրիայի լճի) երկայնքով. նախաձեռնությանն արձագանքել են Թբիլիսիի բուհերի՝ ինչպես հայ, այնպես էլ վրացի ուսանողներ, Վիրահայոց թեմը, Թբիլիսիի հայկական թատրոնը, համայնքային մի շարք կառույցներ: Մարաթոնի ակտիվ մասնակիցների առաջին եռյակի համար վիրահայերի միությունը խրախուսական մրցանակներ էր պատրաստել:
«Վիրահայերի միության» ծրագրերի ղեկավար Մարի Առաքելովան ասում է, որ սա կազմակերպության բարեգործական գործունեության առաջին փորձն էր, սակայն հաջողության դեպքում կարող է նախադեպ դառնալ:
«Եթե տեսնենք, որ մեր այսպիսի գործունեությունն արդյունք ունի, իհարկե, կշարունակենք, մեր հիմնական նպատակը հասարակությանը ծառայելն է, եթե մենք տեսնենք, որ իսկապես կարողանում ենք օգնել երեխաներին, ինչո՞ւ ոչ»:
«Շատ եմ սիրում բարեգործական գործունեություն և երբ իմացա, որ այն իրականացվում է կյանք փրկելու նպատակով` միանգամից գրանցվեցի, շատ եմ մասնակցել բարեգործական մրցավազքերի: Յուրաքանչյուր մարդու առաջնային նպատակը պիտի լինի անել բարեգործություն և կատարել դրա քարոզչությունը: Մենք միասին ենք, մենք Աստծո որդիներն ենք և պիտի օգնենք միմյանց»,- իր մասնակցության մասին ասում է մարաթոնի պատվավոր առաջին տեղը զբաղեցրած Գիորգի Շեկրելիձեն:
Մարիամին աջակցել ցանկացողները կարող են Մարիամի անունով բացված հաշվեհամարներին գումար փոխանցել: Ստացող ՝ Մակա Ռիգվավա:
https://www.youtube.com/watch?v=GePithIS4n0