Փոքր թիմից մինչև մեծ հաղթանակներ. «Վրաստանի հայ գիտակների ակումբի» պատմությունը, իսկապես, հաջողության պատմություն է։ Ժամանակին միայն թբիլիսահայերից ձևավորված թիմը՝ միավորելով նաև Ջավախքի և Բաթումիի հայ գիտակներին, այսօր արդեն երբեմնի նպատակին հասել է՝ մասնակցել է «Արմենիա TV»-ի «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղին։
Գիտակների ակումբի հիմնադիր Արտակ Այվազյանն ասում է՝ ակումբի գործունեության գաղափարն ու բովանդակությունը հեշտությամբ որոշվեց՝ այն ծառայելու էր որպես հայ երիտասարդների ծանոթության և հետաքրքիր ժամանցի հարթակ: 2014-ին հիմնադրված ակումբի կողմից կազմակերպված «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղերն անցկացվել են տարբեր վայրերում և ընդգրկել տարբեր թեմաներ.
«Սկզբից ակումբի խաղերի համար հարկ էր լինում տարածք վարձակալել, բայց կարճ ժամանակ անց Թբիլիսիում գործող հայկական կառույցները սկսեցին սիրով հյուրընկալել ակումբի խաղերն իրենց տանիքում»։
«Չբավարարվել եղածով և նոր ձևաչափեր սկսել», — այսպես է Այվազյանը բնութագրում ակումբի գործունեությունը՝ հավելելով, որ այս պահին ակումբի խաղերը կազմակերպվում են ոչ միայն հայերեն, այլև վրացերեն, ռուսերեն լեզուներով, ինչպես նաև՝ Ջավախքի բարբառով:
Ակումբի գաղտնիքն անդամների միջև հավասարությունն է՝ յուրաքանչյուր նորեկ լիարժեք ակումբակից է, լիիրավ է նախաձեռնություններ իրականացնելու հարցում: Ի դեպ, «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղերից բացի, ակումբը կազմակերպում է նաև բանավեճեր:
«Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի միջնորդությամբ և աջակցությամբ, մեր հավաքականը Աննա Հովհանիսյանի գլխավորությամբ օգոստոսի 31-ին պատվով ներկայացավ Հայաստանում»,- ասում է Այվազյանը:
«Վրաստանի հայ գիտակների ակումբի» հավաքականի խաղն ընթերցողները կկարողանան դիտել հոկտեմբերի 6-ին, «Արմենիա TV»-ի հեռուստաեթերում։