Վրաստանյան փորձագետներն ու քաղաքագետները դրական են գնահատում ռուս դիվանագետին վտարելու մասին պաշտոնական Թբիլիսիի որոշումը։
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ է համարել Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի աշխատակցին՝ պահանջելով երկիրը լքել 7 օրվա ընթացքում։
«Սա քաղաքական ազդանշան է, որ խոսում է քաղաքակիրթ Արևմուտքի միասնության մասին: Հենց այս միասնությունն էր ուզում փորձել Ռուսաստանը: Եթե Վրաստանն այս քայլին չգնար, դա կնշանակեր, որ այն աշխարհում չէ, որտեղ դեմ են Ռուսաստանին»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կութելիան:
Փորձագետները նաեւ հաստատում են, որ Ռուսաստանի արձագանքը փաստացի ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ հարցը վերաբերում է տասնյակ երկրների:
«Մենք Ռուսաստանի քաղաքականությունից տուժած երկրներից մեկն ենք: Հենց այս պատճառով պետք չէ զերծ մնալ նման քայլերից։ Ես ողջունում եմ Վրաստանի կայացրած որոշումը: Մենք դարձանք 25-րդ երկիրը, որ միացավ ռուս դիվանագետներին վտարելու արշավին: Մեզ համար կարևոր է Արեւմուտքի կողքին լինել»,-հայտարարել է Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների փորձագետ, Պաշտպանության նախկին փոխնախարար Նոդար Խարշիլաձեն:
Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, ռուս դիվանագետներին վտարելու որոշում է կայացրել ավելի քան 25 պետություն։
Նյութի աղբյուրը՝ newsgeorgia