
Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցի շուրջ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն։
Նրա հայտարարությամբ, փետրվարի 28-ին տեղի կունենա ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի (COREPER) նիստը, որտեղ ակնկալվում է, որ արդեն խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը վերջնական համաձայնություն կտրվի:
«Համոզված եմ, որ կրկին դրական պատասխանի ենք արժանանալու»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Դոլիձեն:
Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում, Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը քվեարկությամբ հավանության արժանացավ: Պատգամավորները 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեցին Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը: