Վրաստանի «Որակավորված ընդդիմադիր կուսակցությունների» համակարգող խորհուրդը Թբիլիսիում քննարկեց տեղական ինքանակառավարման մարմինների ընտրակարգի հետ կապված խնդրահարույց հարցերը:
Ընդդիմադիր կուսակցություններից կազմված խորհուրդը զբաղվում է ընտրական գործընթացներին առնչվող խնդիրներով: Մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգի, խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընտրակարգերին վերաբերող հարցերով:
Միջոցառման մասնակիցների շարքում էր «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Մամուկա Կացիտաձեն, ով խոսեց ժողովի օրակարգի մասին:
«Բարձր որակավորում ունեցող փորձագետների խմբի հետ այսօր մշակում ենք բարեփոխումների մեր առաջարկը: Ուշադրությունը կենտրոնացրել ենք երեք խնդրի վրա: Առաջին հերթին քաղաքացիների ձայները պետք է ունենան հավասար կշիռ: Հավաքած ձայների և ավագանիում ներկայացված մանդատների քանակը պետք է համապատասխանեն միմյանց և պետք է կատարվի ավագանիներում ներկայացված անդամների քանակի ճիշտ աստիճանակարգություն: Այլ կերպ ասած 160 հազար ընտրող ունեցող Քութաիսին և 12 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքը հավասար քանակությամբ մանդատ չպետք է ունենան»:
Կացիտաձեի խոսքերով նրանց որոշումները բխում է ժողովրդի շահերից:
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամ Գիորգի Ախվլեդիանիի կարծիքով քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել խախտումների մեծամասնությունից.
«Որակավորված ընդդիմադիր կուսակցությունների համակարգորղ խորհուրդը փետրվարին ընտրական բարեփոխումների կոնկրետ նախագիծ կներկայացնի իշխանությանը: Այնտեղ նշված կլինի, թե ինչ փոփոխություններ են հարկավոր ընտրական օրենսգրքում, որպեսզի աշնանը նախատեսվող ընտրությունները լինեն հնարավորինս արդար: Պետք է կարողանանք խուսափել հնարավորինս բոլոր խախտումներից: Քաղաքական կամքի առկայության դեպքում խախտումներից խուսափելու ցանկությունը հեշտությամբ իրականություն կդառնա»: