Փետրվարի 26-ի երեկոյան մոտ 300 մարդ շուրջ երկու ժամով փակել են Մցխեթայում արևելյան և արևմտյան Վրաստանները կապող գլխավոր ավտոճանապարհը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները Արչիլ Տատունաշվիլիի հարազատներն են: Հիշեցնենք՝ նա մահացել էր փետրվաի 22-ին՝ Ցխինվալիում, ձերբակալությունից անմիջապես հետո: Վրացական կողմը վստահ է, որ Տատունաշվիլին սպանվել է: Ցխինվալիի պետական անվտանգության ծառայության պաշտոնական արձանագրությունում գրված է, որ նա մահացել է աստիճաններից ընկնելու հետևանքով:
Այսօր Ցխինվալիի իշխանությունները հրաժարվել են վրացական կողմին հանձնել Տատունաշվիլիի դին, պատճառաբանելով, որ սպասում են ռուս փորձագետներին՝ փորձաքննություն անցկացնելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները վրացական կողմից պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ մահացածի դին տեղափոխելու և նրա ընտանիքին հանձնելու համար: Ակցիայի ընթացքում Մցխեթայի ճանապարհին մեքենաների կուտակումներ են եղել՝ ինչպես երթուղային և անհատ տաքսիներ, այնպես էլ մարդատար ու բեռնատար բազմաթիվ ավտոմեքենաներ: Ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը բացառապես այն մեքենաների համար, որոնցում երեխաներ են եղել: Երթևեկությունը փակ է եղել երկու կողմից՝ Թբիլիսիի թե՛ մուտքի, թե՛ ելքի:
Տատունաշվիլիի հարազատներն ասել են լրագրողներին, որ արդեն քանի օր է սպասում են վրաստանյան իշխանությունների պատասխանին, սակայն վերջիններս նույնիսկ չեն փորձել կապ հաստատել իրենց հետ:
Ակցիայի տեղում ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել: Տեղեկություն է տարածվել, որ ՆԳՆ-ի կողմից հրաման է եղել ցուցարարների մոտ հատուկ նշանակության ջոկատներ ուղարկել, սակայն այս լուրը չի հաստատվել:
Տատունաշվիլիի ծնողների հետ հանդիպել է Վրաստանի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով նախարար Սոզար Սուբարին: Նա ասել է, որ վերջնաժամկետներ նշանակելով՝ նշված խնդիրը չի կարելի լուծել. «Ինչ վերջնագրի մասին կարող է խոսք լինել, եթե մենք ունենք ընդհանուր ցավ և սեր մեր հայրենիքի նկատմամբ: Եթե այդ լեզվով հնարավոր լիներ խոսել օկուպանտների հետ, մենք վաղուց հետ կբերեինք մեր հողերը, և չէին զոհվի ո՛չ երիտասարնդերը, ո՛չ ծերերը, սակայն մենք պատերազմի մեջ ենք»,- ասել է Սոբարուն: Ի պատասխան Արչիլ Տատունաշվիլիի հայրը հարցրել է. «ինչո՞ւ, եթե նախարարը գտնում է, որ այժմ պատերազմական գործողություններ են ընթանում, մայրուղու վրա, Վրաստանի կողմից վերահսկվող տարածքովառանց խնդիրների տեղաշարժվում են ռուսական համարանիշերով ավտոմեքենաներ. «Իմ տղային սպանել են սեփական տանը: Նա իրավունք չուներ սեփական տանը լինել, իսկ իրենք իրավունք ունեն այստեղ երթևեկել»:
«Ես 3 օր է պատասխանի եմ սպասում, թող գոնե իմ սպանված երեխային հանձնեն: Նրան սպանել են: Սուբարին եկավ, խոսեց, ինքն էլ չհասկացավ՝ինչ է ասում: Ո՞վ է նրան ընդհանրապես նախարար նշանակել»,- լրագրողներին ասել է մահացածի մայրը:
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև թեթև բախումից հետո Գեորգի Տատունաշվիլիին հրավիրել են Վրաստանի ՆԳՆ: Թբիլիսիից ակցիայի մասնակիցների մոտ վերադառնալուց հետո վերջինս ասել է, որ հանդիպել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիային: Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ կսպասեն դիակի փոխանցմանը ևս երկու օր: Դրանից հետո ակցիան դադարեցվել է, մայրուղու երթևեկությունը` վերականգնվել:
Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge