Գիորգի Մամալաձեի տարբերակը, որ Շորենա Թեթրուաշվիլիի խնդրանքով փորձում էր կալիումի ցիանիդ ձեռք բերել, աբսուրդ է․ այս մասին հայտարարվել է գլխավոր դատախազության՝ այսօր, մարտի 8-ին անցկացված մամլո ասուլիսի ընթացքում:
Եթե «ցիանիդի գործի» սկզբում գլխավոր դատախազությունը հայտարարում էր, որ Գիորգի Մամալաձեն փորձել է սպանել բարձրաստիճան հոգևորականի, ապա հիմա պնդում է, որ թիրախը լինելու էր հենց համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլին:
«Հնարավոր է ասել, որ մեղադրյալը մինչեւ այս պահի տրված ոչ մի հարցին լիարժեք եւ ճշմարտությանը համապատասխանող պատասխան չի տվել: Իսկ այն ցուցմունքը, որ նա ձեռք է բերել ցիանիդը Շորենա Թեթրուաշվիլիի խնդրանքով, ընդհանրապես բացառվում է, քանզի փաստերը եւ ցուցմունքները հակասական են»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 13-ին պաշտոնական հայտարարություն էր տարածել: Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքով՝ քննությունը պարզել է, որ Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան ներկայացուցիչ Գիորգի Մամալաձեն փորձել է ձեռք բերել ցիանիդ: Բացի այդ, մեղադրյալ Մամալաձեի տան խուզարկության արդյունքում հրազենային զենք է հայտնաբերվել: Քննություն էր սկսվել, երբ փետրվարի 2-ին մի քաղաքացի էր դիմել դատախազություն և հաղորդել, որ իր ծանոթ հոգևորական Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն ցիանիդ ձեռք բերելու հարցում, և վերջինիս հետ հանդիպման արդյունքում քաղաքացուն հաջողվել է պարզել, որ թույնը պետք է բարձրաստիճան հոգևորականի սպանելու համար: