Ժամեր առաջ Ուկրաինայում կալանքից ազատ արձակված Գիա Ցերցվաձեն հարցազրույց է տվել վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։ Նրա համար անհասկանալի է, որ վրացական կողմը տեղյակ չի եղել Ռուսաստանի կողմից ինտերպոլի միջոցով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
«Ինձ համար դա անսպասելի էր: Եթե ճակատագիր է, որ պիտի զոհվես, ավելի լավ է դա տեղի ունենա մարտի դաշտում և ոչ թե մորթվես ոչխարի նման: Իշխանությունները (Վրաստանի) փոխվում են, բայց պետությունը նույնն է, իսկ ես էլ շարունակում եմ մնալ Վրաստանի ԶՈւ-ի սպա»,- ասել է Ցերցվաձեն՝ նշելով, որ լինի Ուկրաինայում, թե Աֆրիկայում, մշտապես պայքարելու է Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք՝ գնդապետ Գիա Ցերցվաձեն, ով մասնակցել է վրաց -աբխազական (1990-ականների սկզբ), ռուս-վրացական (2008թ) և վերջին տարիներին նաև ռուս-ուկրաինական պատերազմներին, Կիևի օդանավակայանում ձերբակալվել էր հունվարի 15-ին:
Նա ազատ է արձակվել հունվարի 26-ին, այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: