
Վրաստանի արտաքին գործերի նախարարն առաջին մեկնաբանությունն է արել Սիրիայի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշման առնչությամբ: Միխեիլ Ջանելիձեի հայտարարության համաձայն՝ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման գործընթացն արդեն սկսվել է:
«Մենք սկսում ենք դիվանագիտական հարաբերությունների դադարեցման գործընթացը: Ցավալի է, որ Ռուսաստանի մանիպուլյացիայի արդյունքում Ասադի ռեժիմը նման որոշում ընդունեց, թեպետ Ասադի ռեժիմից, որն անտեսում է սեփական քաղաքացիներին, նմատատիպ որոշումը զարմանալի չէ»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի և Հարավային Օսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ին, որը հաստատել է նաև Սիրիայի ԱԳՆ-ն: