Մինչև 2 կգ կենցաղային աղբ թափելու համար քաղաքացիները կտուգանվեն 80 լարիով: 2 կգ-ից ավել կշիռ ունեցող աղբ թափելու դեպքում տուգանքը կկազմի 150 լարի: Այս մասին տեղեկացրել է ՍՊԸ «Թբիլսերվիս խմբի» տեղակալ Դավիթ Դոլիձեն:
Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում «Թբիլսերվիս խմբի» վերահսկողության շրջիկ տեսուչներ կհայտնվեն, ովքեր կտուգանեն ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքն աղտոտելու համար: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Մինչև 2 կգ աղբի մեջ մտնում են ծխախոտի մնացորդները, ինչպես նաև կենդանիների կղանքը, որը չմաքրելու դեպքում կենդանու տերը կտուգանվի 50 լարի գումարի չափով:
Ֆիզիկական անձինք մինչև 1 խորանարդ մետր շինարարական աղբ թափելու դեպքում կտուգանվեն 200 լարիի չափով: Իրավաբանական անձանց դեպքում տուգանքի չափը կազմում է 500 լարի:
Շրջիկ տեսուչները նախնական շրջանում կվերահսկեն քաղաքի կենտրոնական հատվածները՝ զբոսաշրջային վայրերը, այգիները, պուրակները: Տեսուչները չեն օգտվի որևէ տրանսպորտից, իսկ մեքենայից աղբ թափելու դեպքում կգրանցեն խախտումն ու կտեղեկացնեն համապատասխան մարմիններին՝ այս դեպքում ճանապարհային ոստիկանությանը:
Առաջին 2 շաբաթների ընթացքում տեսուչները քաղաքացիներին կզգուշացնեն աղտոտման տուգանքների մասին: Նրանք կկրեն հատուկ զգեստ և կունենան տեսախցիկ՝ խախտումն արձանագրելու նպատակով: