Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 3 օր: Մայրաքաղաքը հոկտեմբերի 21-ին կընտրի ինչպես սակրեբուլոյի անդամներին, այնպես էլ քաղաքապետի: Ստորեւ ներկայացնում ենք ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, նախկինում նույն կուսակցության շահերը պաշտպանող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Զալիկո Ուդումաշվիլիի գործունեության պատմությունը մինչեւ թեկնածության առաջադրումը եւ հատվածներ նախընտրական քարոզարշավից ու ծրագրից:
Զաալ Ուդումաշվիլին ծնվել է 1971 թվականի փետրվարի 27-ին Թբիլիսիում: 1989-94թթ․ սովորել է Թբիլիսիի անասնաբուծական-անասնաբուժական համալսարանի, զոոինժեներիայի ֆակուլտետում: Լրագրությամբ սկսել է զբաղվել դեռեւս ուսման տարիներին. 1992-98 եղել է «2-րդ ալիք»-ի հաղորդավար, այնուհետեւ մինչեւ 2001թ․ նույն կարգավիճակն է ունեցել «Իբերիա» հեռուստաընկերության լրատվական թողարկման աշխատակազմում: 2001-2003թթ․ հանրային ալիքում եղել է «Ալիոնի» եւ «Մոամբե» լրատվական թողարկման հաղորդավար, 2003-17՝ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Կուրիեր» լրատվական թողարկման հաղորդավար, Ուդումաշվիլին վարել է նաեւ քաղաքական թոք-շոու, ինչպես նաեւ հանդիսացել գլխավոր տնօրենի առաջին տեղակալ: Վերջին տարիներին Ուդումաշվիլին ստանձնել էր նաեւ «Ռուսթավի 2»-ի դատական գործի շուրջ հեռուստաընկերության պայքարի կազմակերպումը՝ հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով, առաջնորդում բողոքի ակցիաներ, բողոքի լռություն հայտարարում եւ դադարեցնում եթերը:
Զալիկո Ուդումաշվիլին քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ առաջարկ ստացել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից՝ հունիսի սկզբին Կիեւում տեղի ունեցած կուսակցության անդամների եւ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումից հետո: 2017 թ․ հունիսի 19-ին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Կուրիեր» լրատվականի երեկոյան թողարկման ընթացքում հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին հրաժեշտ տվեց ունկնդրին, այսպիսով ավարտելով 25-ամյա լրագրողական կարիերան: Ուդումաշվիլին իր խոսքում նշել էր, որ այդ օրվանից ժողովրդի հետ կապը կշարունակի ոչ թե էկրանից, այլ՝ անմիջականորեն:
«Որպես լրագրող, այս տարիների ընթացքում ես ձեր ամենօրյա հյուրն էի եւ փոխանցում էի երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվություն: Հիմա, սակայն, գտնում եմ, որ ժամանակը եկել է, երբ ինքս պիտի դառնամ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից եւ իմ ներդրումն ունենամ այն պայքարում, որը վերջ կտա երկրի ամբողջատիրական ռեժիմին եւ մեկ մարդու իշխանությանը: Անարդարության դեմ պայքարի փորձ ես ունեմ: «Ռուսթավի 2»-ի խմբի եւ ձեր հետ միասին մեկ անգամ արդեն հաղթել եմ այս իշխանության դեմ ամբողջովին ոչ հավասար պայքարում»,- դիմելով ունկնդրին, հայտարարել էր Զաալ Ուդումաշվիլին:
Նախընտրական քարոզարշավն Ուդումաշվիլին ակտիվորեն սկսեց վարել սոցիալական ցանցերում: Հայտարարության անմիջապես հաջորդ օրը Զալիկոն տեսաուղերձ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ խոստանալով այցելել Թբիլիսիի բոլոր բնակիչների թաղամասերը եւ զրուցել նրանց խնդիրների մասին, իսկ մինչ այդ կապի մեջ լինել սոցիալական ցանցերում:
«Մենք միասին կփոխենք մեր քաղաքն ու երկիրը»,- տեսաուղերձում նշել էր Ուդումաշվիլին:
Հունիսի 26-ին ՄԱՇ-ի առաջնորդները Թբիլիսիի կենտրոնում ներկայացրին Զալիկո Ուդումաշվիլիին որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ուդումաշվիլին հայտարարեց, որ միանում է Թբիլիսիի փրկության որոշիչ պայքարին՝ հռչակելով իրեն Թբիլիսիի քաղաքապետի զայրացած թեկնածու:
Հուլիսի 7-ին Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի փողոցում բացվեց Ուդումաշվիլիի ընտրական շտաբը, որը ղեկավարում է ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն:
Իր նախընտրական ծրագրում Զալիկո Ուդումաշվիլին շեշտը դնում է Թբիլիսիի մի քանի աչքի ընկնող խնդիրների վրա: Նախկին լրագրողը խոստանում է վերացնել «Սիթի պարկ» կազմակերպությունը, քանի որ, իր խոսքով, քաղաքում գոյություն չունի կայանատեղիների բավարար քանակ, փոխարենը կա կազմակերպություն, որը շարունակաբար տուգանում է հազարավոր թբիլիսցիների: Ուդումաշվիլին խոստանում է ներդրողների միջոցով զարգացնել մայրաքաղաքի կայանատեղիների ենթակառուցվածքը:
Անդրադառնալով խցանումներին, Զալիկոն համարում է, որ դրանց հիմնական պատճառներից մեկը 5 տարի առաջ երկաթուղու շրջանցիկ ճանապարհի նախագծի իրագործման դադարեցումն է: Քաղաքապետի թեկնածուն ընտրվելու դեպքում խոստանում է վերականգնել նախագիծը:
Իր նախընտրական ծրագրում Ուդումաշվիլին ուշադրություն է դարձնում նաեւ բնակելի տներին, որոնք ծանր վթարային վիճակում են, խնդրին լուծում առաջարկելով՝ բնակելի շենքերի ու տների ամրացում եւ վերանորոգում:
Զալիկո Ուդումաշվիլին խոստանում է նաեւ վերանայել հարյուրավոր քաղաքացիների դադարեցված սոցիալական օգնությունը, ինչպես նաեւ 200 000 միավորից ցածր սոցիալական վարկանիշ ունեցող անձանց առաջարկում է ամսական 50 լարիի չափ թոշակ: Սոցիալապես անապահով անձանց հետ կապված բարեփոխումների ուղղությամբ, Ուդումաշվիլին խոստացել է նաեւ 3 անգամ ավելացնել վերջինների համար հատկացված «Անվճար ճաշարանների» ֆինանսավորումը: Առողջապահության տեսանկյունից՝ ավելացնել երեխաների, պատանիների եւ հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական ծրագրի ֆինանսավորումը:
Ինչ վերաբերում է քաղաքում ընթացող շինարարական գործընթացին, Ուդումաշվիլին գտնում է, որ այս հարցը չպետք է որոշվի միայն քաղաքապետի եւ քաղաքապետարանի կողմից, առաջարկում է, որ ճարտարապետական գործակալության ղեկավարն ընտրվի լայն քաղաքական քննարկումների արդյունքում:
Զաալ Ուդումաշվիլին ակտիվ հայտարարություններ է անում նաեւ Թբիլիսիում օդի մաքրման վերաբերյալ, այս ուղղությամբ քաղաքապետ ընտրվելու դեպքում նա հավաստիացնում է, որ քաղաքապետարանը կվերցնի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող նախկին ձիարշավարանի 34 ՀԱ տարածքը եւ կվերածի այն Թբիլիսիի կենտրոնական այգու եւ ռեկրեացիոն գոտու:
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ուդումաշվիլին աչքի ընկավ անիմացիոն մուլտֆիլմերի հրապարակմամբ, որտեղ սուպեր հերոս՝ Զորոյի կերպարով Ուդումաշվիլին թուրը թափահարելու միջոցով լուծում է քաղաքի կարեւորագույն խնդիրները՝ մաքրում քաղաքի օդը, վերացնում խցանումները եւ կասեցնում շինարարությունները, որոնք խանգարում են բնակիչներին:
#იმიტომრომ (այն պատճառով, որ) նախընտրական քարոզարշավը ենթադրում է տարիքային տարբեր խմբերի եւ տարբեր քաղաքների բնակիչների՝ «Ինչու Զալիկո» հարցի պատասխանների վիդեո տարբերակը: Քաղաքապետի թեկնածուն վերջերս իր էջում հրապարակել էր նաեւ նախընտրական երգ-տեսանյութ:
Ուդումաշվիլին ի սկզբանե մասնակցել է քաղաքական թոք-շոուներում եւ ի տարբերություն իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեի, պատրաստ է եղել մասնակցել ցանկացած ձեւաչափի դեբատներում: Ինչ վերաբերում է այլ թեկնածուների հետ հարաբերություններին, Զաալ Ուդումաշվիլին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Թբիլիսիի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիի: Իշխանությունն անկախ թեկնածություն առաջադրելու համար սահմանել էր 10 000 ստորագրություն: Այս առիթով, Զաալ Ուդումաշվիլին հայտարարելով, որ իր նպատակն է պայքարել իշխող կուսակցության դեմ, առավելապես հավասար հնարավորություն եւ մրցունակություն ունենալու նպատակով Էլիսաշվիլիին իր եւ իր թիմակիցների օգնությունն էր առաջարկել:
Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Ուդումաշվիլիի նախընտրական բողոքի ակցիան: ՄԱՇ-ի աջակիցները հավաքվեցին Ռուսթավելիի պողոտայում եւ շարժվեցին դեպի Սոլոլակիի թաղամասում գտնվող նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:
Զաալ Ուդումաշվիլին ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 համարի ներքո: