Թբիլիսիի Հայարտուն կենտրոնի «Տարոն» ազգագրական պարերի համույթն այս անգամ հանդիսատեսին ներկայացավ նոր՝ կրտսեր խմբով:
Խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ հուլիսի 9-ին` «Հայարտուն» կենտրոնի հաշվետու համերգին: Այն գործում է այս տարվա փետրվար ամսից, սակայն խմբում արդեն տասնյակ փոքրիկներ են պարում: Խմբի պարուսույց Սուրեն Աբրահամյանն ասում է՝ սկզբում նախատեսված էր ընդունել միայն 8 տարեկանից բարձր երեխաների, սակայն ցանկացողները շատ էին, եւ ստիպված են եղել բացառություններ անել, ինչն էլ այսօր իր արդյունքներն է տալիս: «Մեր կրտսերների խմբում սկզբից երեխաների քանակը շատ չէր: Պարապմունքները սկսվել են մոտավորապես 10 հոգով, հետզհետե նկատվում էր երեխաների ավելացում: Այժմ բավականին շատ երեխաներ ունենք, հիմնականում աղջիկիներ են: Ընդունելությունը 8 տարեկանից էր, սակայն կային ցանկացողներ կան, որոնց դեպքում չնայած փոքր տարիքին, պարային տվյալներն ուժեղ էին: Այդ երեխաներին ընդունելուց եւ ընդամենը 5 ամիս պարապելուց հետո ես ունեմ մի խումբ, որը զարմացնում է ոչ միայն ինձ, այլեւ` բոլորին, իսկ սեպտեմբերից կսկսենք մասնակցել նաեւ տարբեր մրցույթների»:
Հիշեցնենք, որ «Տարոն» պարային համույթի ավագ խումբն արդեն մի քանի անգամ մասնակցել է տարբեր մրցույթների` գրավելով պատվավոր 2-րդ եւ 1-ին տեղերը: «Հայարտուն» կենտրոնի հաշվետու համերգը տեղի է ունենում տարին 2 անգամ՝կենտրոնի խմբակները, ներկայացնում են կիսամյակի ընթացքում ձեռք բերված հմտությունները: Այս պահին կենտրոնում կա 5 խմբակ՝ դհոլ, դուդուկ, վոկալ-գործիքային, պարային համույթ 2 խմբով, ինչպես նաեւ երգչախումբ` եւս 2 խմբով: Կենտրոն է հաճախում 500 պատանի: Հայարտան տնօրեն Լեւոն Չիդիլյանի խոսքով` այս համերգը կենտրոնի կարեւոր միջոցառումներից մեկն է. «Այս համերգն ամենակարեւոր միջոցառումներից մեկն է: Երկու անգամ ենք ունենում, ձմռանը եւ ամռանը: Մեր ամեն օրվա աշխատանքը կրթական աշխատանքն է՝ կիրակնօրյա դպրոցներ, նախակրթարան ու ստեղծագործական խմբեր: Մեզ համար ամենակարեւորն այն է, որ այդ աշխատանքը հանդիսատեսը տեսնի եւ գահատի»:
Համերգի ընթացում կենտրոնի խմբակները, մենակատարները, պարային համույթները ելույթ ունեցան նոր կատարումներով: Վերաբացվել է վոկալ-գործիքային «Հայոս բենդ» խումբը: Այժմ այստեղ նվագում ու երգում են կրտսեր երաժիշտներն ու մեներգչուհիներ: Հաշվետու համերգի ընթացքում խումբը ելույթ ունեցավ 2-րդ անգամ: Խմբի ղեկավար Վլադիմիր Ասատուրովը խոսում է խմբի առաջընթացի մասին. «Վոկալ-գործիքային նախկին խումբը լուծարվեց, քանի որ երեխաները ավարտեցին դպրոցը, սկսեցին պատրաստվել համալսարանի համար: Անվանումը նույնն ենք թողել՝ սա մանկական «Հայոս բենդ» համույթն է: Երեխաները շատ տաղանդավոր են: Դեռեւս առանձնահատուկ առաջընթաց չի նկատվում, բայց համոզված եմ, ապագայում նրանք կդրսեւորեն իրենց» :
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով «Հայոս բենդի» վերհիշեց մինչեւ ճեմարան ընդունվելու տարիները, երբ վոկալ-գործիքային խմբի ղեկավար Վլադիմիր Ասատուրովի հետ կիթառ էր նվագում: «Վլադիմիր Ասատուրովի գործը մի ուրիշ կապ ունի իմ սրտի հետ, քանզի իր հետ ես կիսվել եմ մինչեւ ճեմարան ընդունվելս: Այդ ժամանակ ես կիթառ էի նվագում: Մենք ստեղծել էինք մի համույթ եւ այդ օրերին բեմերում համերգ եինք տալիս: Երբ ճեմարան ընդունվեցինք, Վազգեն վերափառը գործիքներ էր մեզ տվել, այն ժամանակ ճեմարանում վոկալ-գործիքային անսամբլ ունեինք, հետո ցավոք սրտի այն ցրվեց: Այնպես, որ դեպի համաշխարհային արվեստն ու մշակույթը շատ սրտամոտ ու մի ուրիշ ձգտում ենք տեսնում երեխաների մոտ, որը լուրջ դաստիարակության եւ նկարագիր կերտելու հարց է» :
Հիշեցնենք, որ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի խմբակներ ընդունելության ժամանակահատվածը մեկնարկել է եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբեր. «Հայարտունն արդեն սկսել է ընդունելությունն բոլոր խմբակներ, նախակրթարան, ստեղծագործական, կիրակնօրյա դպրոց եւ ուզում եմ Ալիք մեդիայի միջոցով փոխանցել բոլոր հայորդիներին, որ «Հայարտան» դռները բաց են մինչեւ օգոստոսի սկիզբ: Պայմանը նույնն է մնում, բոլոր երեխաները ստեղծագործական խմբեր ընդունվելիս պիտի ընտրություն` քասթինգ անցնեն, սրանից հետո, եթե հայերեն գրել կարդալ չգիտեն, անպայման պիտի դառնան «Հայարտուն» կիրակնօրյա դպրոցի սաները»: