Բազմամզգ Վրաստանի թբիլիսյան, կամ այսպես ասած իտալական բակերը ի ցույց են դնում տարբեր ազգերի խաղաղ համակեցությունը։ Հուլիսի 8-ին հին Թիֆլիսի այդպիսի բակերից մեկում էին հավաքվել քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչները՝ ականատես դառնալու տարբեր մշակույթների միավորմանը։
«Սարերի հով» և «Ղափամա», «Հավա նագիլա», ադրբեջանցի կին աշուղ, սազ ու թառ և, իհարկե, վրացական քնարերգական երգեր։ Այսպիսի թբիլիսյան բակ էր պատրաստել «Արտարեա» հեռուստաալիքը:
Բացօթյա համերգին ներկա էր Վրաստանի Արտաքին գործերի նախկին նախարար (2004-2005 թթ․) Սալոմե Զուրաբիշվիլին, ով «Ալիքի» հետ զրույցում նշեց.
«Բոլորս խոսում ենք այն մասին, թե ինչպիսի կենդանի քաղաք է եղել Թբիլիսին, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ բերում էին իրենց մշակույթը, արթնացնում քաղաքն իրենց երգերով ու պարերով: Կարծում եմ՝ այս միջոցառումը լավ նախաձեռնություն է և այն պետք է կրի շարունակական բնույթ: Սա է իսկական Թբիլիսին, որտեղ ես երջանիկ եմ»։
Հարցին, թե արդյոք Թբիլիսիում պահպանվում է ազգային ու կրոնական բազմազանությունը, նախկին արտգործնախարարը նշում է․«Ոչ բավականաչափ, որքան որ պետք է, սակայն այս երեկոն նրա ապացույցն է, որ այն դեռ կենդանի է և պետք է դեռ երկար տարիներ գոյություն ունենա։ Ես կցանկանայի՝ այն հանդուրժողականությունը, որը դարեր շարունակ ունեցել են մեր համաքաղաքցիները միմյանց նկատմամբ, շարունակվի»:
Զուրաբիշվիլիի կարծիքով, այսօր Վրաստանում որոշ չափով անուշադրության է մատնվել անցյալի այդ հանդուրժողականությունը, ուստի «մենք մեր վրա այդ ուղղությամբ պետք է աշխատենք»:
«Այս երեկոն հաստատում է, թե ինչպես են հայ, հրեա և վրացի ազգերը միավորված: Մենք դարեր շարունակ ապրել ենք միասին։ Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես են նույն բեմում կողք կողքի կանգնել ազգությամբ հայն ու ադրբեջանցին»,-բացելով Թբիլիսյան բակի համերգը՝ ասաց Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեի դուստրը՝ երգչուհի Էկա Մամալաձեն։
Թբիլիսյան բակերից մեկում կայացած համերգը հուզեց կազմակերպիչներից, էթնոերաժիշտ Քեթևան Բաիաշվիլիին․
«Այսօր մենք ականատես եղանք ազգերի միավորումը խորհրդանշող մի երեկոյի: Եթե հետևենք արվեստին, ապա մենք շատ երջանիկ և սիրով կապրենք: Այսօրվա միջոցառումը մեզ ցույց տվեց, որ մարդկանց համար կարևոր չէ ազգությունը, կարևոր է միայն մարդկությունը, սերը և նրանց ստեղծած մշակույթը»:
Բացօթյա համերգը, որ Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության ու Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր «Արտարեա» հեռուստաընկերությունը, ավարտվեց բոլոր ազգերի ներկայացուցիչների միասնական ելույթով: