Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 22-ին կհրապարակի 2008 թվականի օգոստոսյան պատերազմից 10 տարի անց «Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի» գործով որոշումը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին Ստրասբուրգի դատարան ներկայացված հայցում Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի և Հարավային Օսիայի խաղաղ բնակչության վրա հարձակվելու մեջ:
2012 թվականի ապրիլի 3-ից դատարանի Մեծ պալատում քննվող գործում տեղ են գտել մարդու իրավունքների խախտման հարյուրավոր փաստեր:
Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հույս ունեն, որ Ստրասբուրգի դատարանը պատմական որոշում կկայացնի՝ պատշաճ կերպով գնահատելով Ռուսաստանի ագրեսիան:
Եվրոպական դատարանը որոշման մեջ պետք է անդրադառնա նաև ՌԴ-ի կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստին, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի: Գործում տեղ է գտել նաև 2008 թվականի օգոստոսի 11-ին Գորիի ռմբակոծությունը, երբ «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի օգտագործումից խաղաղ քաղաքացիներ և օտարերկրյա լրագրողներ են զոհվել:
«Վրաստանը պատմության առջև արդար է: Մենք Ռուսաստանի ագրեսիայի զոհն ենք: Միակ բանը, որ կարող է խանգարել գործին, դա Վրաստանի այժմյան իշխանությունների հայտարարություններն են, թե պատերազմը սկսելու համար Վրաստանը նույնպես մեղավոր է: Հույս ունեմ՝ այս հայտարարությունները չեն փոխի ամբողջական պատկերը»,-հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Դավիթ Բաքրաձեն, ով 2008 -ի պատերազմի օրերին զբաղեցնում էր Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։