Վրացական «Ռութավի 2» հեռուստաընկերությունը շարունակում է իր դիտակետում պահել Ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում օրեր առաջ ծավալված իրադարձությունները: Հեռուստաալիքը հեռարձակում է իր թղթակիցների ռեպորտաժները` Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից և Ադրբեջանից:
«Ռութավի 2» -ը հրապարակում է նաև հակամարտության գոտում արված լուսանկարներ, կից հրապարակում հոդվածներ: Դրանցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածության խախտման դեպքերին.
«Կողմերը պայմանավորվածության խախտման մեջ իրար են մեղադրում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ կրակահերթերը շարունակվում են, այս անգամ պակաս պարբերականությամբ»:
«Ռութավի 2» -ը ներկայացնում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի` հայկական կողմը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը մի քանի անգամ խախտել է հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը պատասխան չի տվել:
Հեռուստաալիքը ներկայացնելով իրենց խոսքով` հնգօրյա պատերազմի արդյունքները, մեջբերում է պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունն, ըստ որի` հայկական կողմը կորցրել է 29 զինվոր, 5 խաղաղ բնակիչ, կա 26 անհետ կորած, 101 վիրավոր: Ադրբեջանի հայտարարության համաձայն` զոհվել է 31 զինվոր, ոչնչացվել 1 ուղղաթիռ եւ 1 տանկ:
«Ռութավի 2»-ը, ինչպես նաեւ այլ լրատվականներ, մասնավորապես «Ինտերպրեսնյուսը», հրապարակել են նաեւ թեմայի վերաբերյալ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` կողմերին ուղված կոչը: Հոդվածներում մասնավորապես ասվում է.
«Կոչ եմ անում կողմերին, հարգել կրակի դադարեցման ռեժիմը, ցուցաբերել զսպվածություն`խուսափելով իրավիճակի հերթական լարվածությունից: ՆԱՏՕ-ն այս հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին եւ համանախագահների օգնությամբ ելքեր գտնեն: Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում վրացական մամուլը:
«Ինտերպրեսնյուս»-ի հոդվածագիրը, հղում անելով ռուսական լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակած մի նյութի, մեջբերում է Մոսկվայում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի խոսքը: Վերջինս ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է պաշտոնական Բաքվի հետ նստել կառուցողական բանակցությունների սեղանին, եւ զիջումների մասին հարցը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտոնապես կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
«Ինտերպրեսնյուս»-ն , օգտվելով ռուսական մամուլից, մեջբերերում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքերը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ապրիլի 9-ին կայցելեն Հայաստան»: Նրա խոսքով` համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների գլխավոր թեման Ղարաբաղյան հակամարտությունն է:
Թեմային անդրադարձել է նաեւ վրացական «Պրեսա.ջի» պարբերականը: Մեջբերելով ԼՂ-ի իրենց խոսքով «չճանաչված» հանրապետության ներկայացուցչի խոսքը` գրում է, որ հայկական կողմը պահպանում է Ադրբեջանի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական կողմը ԼՂ-ին մեղադրում է դրա խախտման մեջ:
Միեւնույն ժամանակ « Գրուզիա օնլայն» պարբերականը փոխանցում է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսին պատրաստվում է այցելել Ադրբեջան: « Գրուզիա օնլայն» -ի փոխանցմամբ` Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Վրաստանի պատվիրակությունը կմասնակցի Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովին:
Լրատվականը մեջբերել է դեսպանի խոսքերը. «Ադրբեջանը պաշտոնական հրավեր է ուղարկել Վրաստանի կառավարության ղեկավարին: Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք Վրաստանի վարչապետի այցին»: