Ապրիլի 15-ին Թբիլիսիի պետհամալսարանում, վրացական հեռուստաընկերությունների Ղարաբաղյան հակամարտությունը լուսաբանած լրագրողների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել:
Ուսանողական ինքնակառավարման խորհրդի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման ընթացքում լրագրողները ներկայացրել են նաև շփման գծի, ադրբեջանական ու ղարաբաղյան կողմում իրենց կողմից նկարահանված տեսանյութերը:
Մինչ նրանք կպատմեին, թե ինչ են տեսել, համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռեզո Ջորբենաձեն ներկայացրեց հակամարտությունը՝պատմական և քաղաքական տեսանկյունից: Անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին՝ քաղաքագետն այն անվանեց տարածքային հակամարտություն.
«Սա ավելի շատ տարածքային հակամարտություն է. մի կողմից Ադրբեջանը փորձում է վերադարձնել իր տարածքները, մյուս կողմից Հայաստանը փորձում է պահպանել դրանք: Այս հարցը վիճելի է դեռևս ցարական ժամանակներից: Բնականաբար, երբ հարևան երկրների միջև հարաբերությունները սրվում են, դա այս կամ այն կերպ անդրադառնում է նաև Վրաստանի վրա: Այդ պատճառով Վրաստանը պետք է զգուշություն դրսևորի: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը որոշ տարածքներ կվերադարձնի, որից հետո միայն կողմերը կբանկացեն խաղաղության հաստատման շուրջ»:
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը այն եզակի լրատվամիջոցներից էր, որի նկարահանող խմբերը աշխատում էին շփման գծի երկու կողմում: Այդ օրերին հեռուստաընկերության կողմից Ադրբեջանում աշխատած Դավիթ Քաշիաշվիլին պատմում է.
«Մենք որոշ խնդիրներ ունեցանք Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ, քանի որ հավատարմագրված չէինք, իսկ այդ գործընթացը` ինչպես պարզեցինք, բավականին երկար ժամանակ է պահանջում: Բայց կարճ ժամանակ անց մեզ վստահեցին և թույլ տվեցին աշխատել: Պետք է նշել, որ սահմանին մոտ ադրբեջանական Գորամբո և Տերտեր շրջանների գյուղերում բազմաթիվ տներ էին վնասվել՝ հավանաբար հայկական կողմի հրետակոծության հետևանքով: Այդ գյուղերում մենք չհանդիպեցինք որևէ երեխա կամ տարեց կնոջ, ով կասեր, թե վախենում է: Բայց այդ պայմաններում չվախենալ` ես դժվար եմ պատկերացնում»:
Ադրբեջանից հակամարտությունը լուսաբանած «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Ցագարելին հավելեց.
«Հատկանշական է, որ ռուսերենը տեղաբնակների մոտ բացասական էր ընկալվում: Այս հանգամանքը հիմնականում կապված է ռուսական «life news» հետուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժի հետ, որը, ինչպես նշում էին տեղացիները, ոչ ստույգ տեղեկատվություն էր տարածել»:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության՝ Արցախում աշխատած լրագրող Դավիթ Կակուլիայի համոզմամբ` տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը պարտվել է.
«Տեղեկատվական պատերազմում հաղթեց Երևանը, այս փաստը հաստատում էին նաև տեղում աշխատող միջազգային լրագրողները: Հաղթանակը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայկական կողմից, ընդհուպ մինչև շփման գիծ, մամուլի համար սահմանափակումներ չկային: Ադրբեջանում մի շարք բյուրոկրատական գործընթացներով պետք էր անցնել և ապա հավատարմագրման համար որոշ ժամանակ սպասել»:
Դավիթ Կակունիան խոսեց նաև հայկական կողմի` իր խոսքերով չակերտավոր լավ մտահղացման մասին.
«Շուրջ 25 կազմակերպություն ներկայացնող լրագրողներին տեղավորեցին մեկ երթուղայինի մեջ: Հաշվի չէր առնվել անվտանգության հարցը եւ չափազանց մեծ էր հավանականությունը, որ մենք եւս վնասվածքներ կստանաինք: Դա իհարկե Հայաստանի շահերից էր բխում: Փառք Աստծո, բարեհաջող տեղ հասանք:»
Լրագրողը հայկական կողմում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ մեծ դժգոհություն է նկատել: Կակունիան պատմեց նաև իր ուշադրությունը գրաված այլ իրադարձությունների մասին.
«Առաջինը, որ կուզենայի նշել դա մեծաթիվ կամավորների ներկայությունն էր: Արդեն շուրջ 9 տարի է աշխատում ռազմական լրագրության ոլորտում, սակայն այսքան կամավոր որևէ տեղ չէի տեսել: Կամավորների հոսքն առաջնագիծ չէր դադարում, ինչի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել այդ ընթացքը: Մեկ այլ շատ կարևոր հանգամանք. Տեխնիկան, որ բերվում էր առաջնագիծ, կարող եմ վստահորեն ասել, որ հայկական կողմի համար երկարաժամկետ պաշտպանության պատրաստվելու համար էր:»
Նշենք, որ միջոցառման ընթացքում պարբերաբար մթնոլորտը թեժանում էր ազգությամբ հայ և ադրբեջանցի մասնակիցների միջև, սակայն լրագրողները նրանց հանդարտության կոչ էին անում և պնդում, որ միմյանց մեղադրելով իրողությունները չեն պարզվի, առկա խնդիրներն էլ լուծել չի հաջողվի: