Վրացական հեռուստաալիքը կրկին մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության ընթացքը

Ապրիլի 3-ին վրացական հայտնի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ցերեկային (ժամը 15:00) լրատվական թողարկումը սկսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով սկիզբ առած եւ դեռեւս շարունակող մարտական գործողությունների մասին 10 րոպե տեւողությամբ ռեպորտաժով:


«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում միակողմանի զինադադար հայտարարեց»,-հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին` հաղորդեց վրացական հեռուստաընկերությունը` շարունակելով, որ այս որոշումը Բաքուն կայացրել է` անսալով միջազգային կազմակերպությունների և գերտերությունների առաջնորդների կոչերին:

Ըստ «Ռուսթավի 2»-ի, սակայն, Հայաստանի կողմից մարտական գործողությունները չդադարեցնելու դեպքում, հակամարտությունը առավել լայնամասշտաբ տեսք կստանա:

Այնուհետև «կուրիեր» լրատվականը հեռախոսակապ հաստատեց Բաքվի կողմից վերահսկվող բնակավայրում եւ Ստեփանակերտում աշխատող թղթակիցների հետ:
Նրանցից առաջինը փոխանցում է, որ ողջ գիշերվա ընթացքում հայկական կողմը ինտեսիվորեն ռմբակոծել է: Ներկայացվեց նաև ադրբեջանական կողմի դիրքորոշումը` «դիրքերը չեն զիջելու, քանի որ Ղարաբաղը համարում են իրենց պատմական տարածքը:
Ստեփանակերտում գտնվող թղթակիցն իր հերթին նշում է, որ տեղացիներն ու մամուլի աշխատակիցները հստակ տեղեկատվություն չունեն զոհվածների թվաքանակի մասին, ավելացնելով, որ իրեն հասած տեղեկություններով`  հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 20-ի: Թղթակիցը նշում է, որ ԼՂ-ում մոբիլիզացված է բավականին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:
Ռեպորտաժում ներկայացվեց նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը: Ադրբեջանցի դիվանգետը նշում է` «Ադրբեջանի տարածքի 21 տոկոսի օկուպացված լինելու մասին» եւ ավելացնում, որ ցանկացած երկիր էլ կվերադարձներ այդ տարածքները:

«Այստեղ խոսքը ոչ միայն ԼՂ-ի, այլեւ 5 հարակից շրջանների մասին է»,- ասում է նա:
Վրացական ընդդիմադիր հեռուստաընկերությունը ներկայացրեց նաև աշխարհի մի շարք երկրների առաջին դեմքերի հայտարարությունները` մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքը:

Ռուսթավի 2-ը իր լրատվական թաշողարկման ընթացքում մեջբերեց նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որտեղ վերջինս տեղի ունեցածում մեղադրում է Ռուսաստանին:
Հավելենք` պաշտոնական Ստփանակերտը հերքում է ռազմական գործողությունները «միակողմանիորեն» դադարեցնելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը:

Թողնել պատասխան