Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին գտնում է, որ խորհրդարանը պետք է վերադառնա Թբիլիսի:
«Պետք է հարգենք Վրաստանի միլիոնավոր այն քաղաքացիների ցանկությունները, որոնք վերաբերում են օրենսդիր կառույցը մայրաքաղաք վերադարձնելուն: Ի վերջո, հարգենք Դավիթ Աղմաշենեբելիի պայքարը, ով 1122 թվականին մայրաքաղաքը տեղափոխեց Թբիլիսի»,-ասել է Քուցնաշվիլին՝ հավելով, որ երկրի օրենսդիր մարմինը պետք է աշխատի մայրաքաղաքում, թեև, ըստ նրա, սա օրակարգի կարեւոր հարցը չէ։
Այլ կարծիքի է նույն կուսակցության մեկ այլ անդամ Կոբա Նարչեմաշվիլին։ Վերջինս,որ Քութայիսից պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, պնդում է, որ խորհրդարանը պետք է մնա Քութայիսիում: Նա ասել է, որ եթե հարցը քննարկման դրվի, ինքը դեմ կքվեարկի։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» -ը՝ գալով իշխանության, ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերում խորհրդարանը Թբիլիսի վերադարձնելու հարցը։ Կառավարության ներկայացուցիչները նշում են, որ հեռավորության պատճառով պատգամավորները հաճախ են բաց թողնում նիստերը:
Խորհրդարանը երկրի երկրորդ քաղաք տեղափոխելու մասին 2012-ին որոշում էր կայացրել նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին։