Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքական գովազդի համար ամենաշատ գումար ծախսել է «Վրացական երազանք» կուսակցությունը: Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործակալության տվյալներով` «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ծախսել է շուրջ 1,5 մլն. լարի:
Գովազդին տրամադրած գումարով երկրորդ տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինս օգոստոսին ավելի քան 700 հազար լարի է ծախսել:
Երրորդ հորիզոնականում է «Միավորված ժողովրդավարական շարժում»-ը, որը գովազդին տրամադրել է 550 հազար լարի: «Վրաստանի հայրենասերների դաշիք»-ը 250,000 լարի է ծախսել:
Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը օգոստոս ամսվա ընթացքում ընտրական գովազդի համար ծախսել է ընդամենը 1000 լարի: Տեղեկացնում է «interpressnews»-ը:
Գործակալության տվյալներով` քաղաքական կուսակցություններն ու մեծամասնական կարգով առաջադրված անկախ թեկնածուները օգոստոսի 10-30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական գովազդի համար ծախսել են ավելի քան 3մլն 700 հազար լարի: