«Վրացական երազանք»-ի անդամ Գիա Վոլսկին անընդունելի է համարում, երբ որոշ քաղաքական ուժեր կոչեր են անում՝ «չքվերակեք «Միացյալ ազգային շարժման» ու «Վրացական երազանքի» օգտին, մասնավորապես «երազանքին» չտալ սահամանդրական մեծամասնություն կազմելու հնարավորություն»։ Այս մասին Վոլսկին ասել է «palitranews»-ի եթերում՝ նշելով, որ իշխանական թիմը պատրաստ է խորհրդարանական մեծամասնություն կազմելուն:
Վոլսկին շեշտել է, որ երկիրն այսօր անցած տարիների համեմատ ապրում է այլ քաղաքական իրականության մեջ:
«Եթե սահմանադրական մեծամասնությունը «Վրացական երազանք»-ի ձեռքում լինի, սա ոչ ոքի համար վտանգ չի հանդիսանա: «Վրացական երազանք»-ը պատրաստ է խորհրդարանում կազմել սահմանադրական մեծամասնություն: Մեր պետությունը ներկա աշխարհաքաղաքական քարտեզի վրա այս պահին առավել լավ դիրքերում է, քան տարիներ առաջ էր»,- հայտարարել է Գիա Վոլսկին:
Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո միայն պարզ կդառնա, թե արդյոք «Վրացական երազանք»-ը կստանա սահմանադրական մեծամասնություն, թե ոչ։
Ի դեպ, իշխող կուսակցության անդամները, այդ թվում և Գիա Վոլսկին, բազմիցս խոսել են սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին՝ ընդգծելով հատկապես նախագահի ընտրության կարգը փոխելու տարբերակը։