ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) շարունակում է հրապարակել հունիսի 8-ից հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում իրականացրած հարցումների քաղաքական հատվածի արդյունքները, որին մասնակցել է 4,113 մարդ:
Հուլիսի 29-ին հրապարակելով հարցման քաղաքականությանը վերաբերող հատվածը, NDI-ը նշում է, որ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, ապա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանքը» կհաղթի, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կգրարվի երկրորդ տեղը:
«Եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին 17 տոկոսը պատասխանել է՝ «Վրացական երազանք»-ին, իսկ 13 տոկոսը` «Միացյալ ազգային շարժմանը»:
Նույն հարցման արդյունքում պարզ է դարձել նաև, որ 38 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է իր ձայնը տալու, 14 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 5 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկի: Եթե վաղը ընտրություններ անցկացվեին, հարցվածների միայն 4 տոկոսը կքվեարկի օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի վերջերս ստեղծած «պետությունը ժողովրդի համար» կուսակցության, 3 տոկոսն էլ Դավիթ Թարխան-Մոուրավիի «Հայրենասեների դաշինքի» օգտին:
NDI-ը նաև պարզել է, որ 27 տոկոսի համար ներկա քաղաքական ուժերից ոչ մեկը չի համապատասխանում իր մտածելակերպին: 19 տոկոսը ընդունում է «Վրացական երազանքի», 15 տոկոսը «Միացյալ ազգային շարժման» գաղարափախոսությունը:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ իրենց քվեն որևէ մի կուսակցության տալու համար 41 տոկոսի համար կարևոր է տնտեսական քաղաքականության առկայությունը, 14 տոկոսի համար` առողջապահության, իսկ 11 տոկոսի համար ազգային անվտանգության հայեցակարգը:
«Քաղաքական որ ուժին երբեք ձայն չեք տա» հարցին 21 տոկոսը պատասխանել է` «Միացյալ ազգային շարժմանը», 19-ը` «Վրացական երազանքին»:
Հիշեցնենք, որ NDI-ի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA) եւ անցկացնում է Կովկասի հետազոտակաբ ռեսուրսների կենտրոնը (CRRC):