Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը եւ Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցը, Հայաստանի եւ Վրաստանի առաջին հանրապետությունների 99-ամյակի կապակցությամբ համատեղ ծրագիր են իրականացրել։ Ծրագրի վերաբերյալ հայտարարությանը եւ տեսանյութերին ծանոթացեք ստորեւ։
Մեր ծանոթությունը կայացավ 2008-ին, երբ Երևանում հանդիպեցինք երկու ուսումնական հաստատությունների տնօրեններով և հայտարարեցինք «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագիծն արժանացավ Հայաստանի և Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունների հավանությանը։
Հանրակրթական կամուրջներով այս տարիներին հարյուրավոր սովորողներ և ուսուցիչներ, ծնողներ ծանոթացան-հայտնաբերեցին Երևանն ու Թբիլիսին, Հայաստանն ու Վրաստանը, մտերմացան-ընկերացան, կրթական-մշակութային փոխանակումներ իրականացրին։ Իսկ մենք ապրեցինք, գործեցինք, կանք՝ որպես ընկերներ, նաև ընտանիքներով, մեր երեխաներով։ Եվ ի՜նչ լավ է, որ մեր ժողովուրդների համար այս կարևոր տոնական օրերը՝ Հայաստանի ու Վրաստանի անկախ հանրապետությունների հռչակումը 1918-ի մայիսին Թբիլիսիում, մեր դպրոցների պատանիները միասին են տոնում-շնորհավորում։ Կրկին դիտեք, որպես մեկ շնորհավորանք, այս երկու հոլովակները։
Միշտ անկեղծ․ մենք եղբայրներ ենք՝
ես՝ Աշոտ Բլեյանը, Երևանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Գեորգի Մոմցելիձեն՝ Թբիլիսիում, թիվ 98 հանրային դպրոցի տնօրեն։
Վրաստան և Հայաստան. ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ:
Վերահրապարակվել է mskh.am կայքից