Երկօրյա այցով Վրաստանում է Վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) նախագահ Սումա Չակրաբարտին:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Այցի շրջանակներում Չակրաբարտին հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության անդամների հետ: EBRD-ի նախագահը կմասնակցի նաև ներդրողների խորհրդի նիստին, որը Վրաստանի վարչապետին կից գործող անկախ խորհրդակցական մարմին է։ Այն երկխոսություն է ծավալում անհատ ձեռներեցների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և Վրաստանի կառավարության միջև՝ ներդրումային ու բիզնես միջավայրը բարելավելու նպատակով:
Հատկանշական է, որ EBRD-ին Վրաստանում մի շարք ծրագրերի խոշոր ներդրողն է: Այս պահի դրությամբ բանկի կողմից իրականացվող ֆինանսավորումը Վրաստանում կազմում է 3 միլիարդ դոլար: