«Ժամանակի նորություն» ծրագիրն անկախության տոնի քարոզարշավի մասն է կազմում: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի կառավարությունն է:
Այն վերաբերում է հիմնականում «ժամանակի կապսուլայի» տեղադրմանը: Ծրագիրը հնարավորություն է տվել Վրաստանի ցանկացած քաղաքացու հատուկ ստեղծված կայքում տեսահոլովակի, նամակի, փաստաթղթի կամ նկարի տեսքով տեղադրել իր պատկերացումը, թե ինչպիսին կլինի Վրաստանը 25 տարի հետո: Մայիսի 26-ին տեղի ունեցավ հավաքված բոլոր նյութերի` «ժամանակի կապսուլայում» տեղադրելու հանդիսավոր արարողությունը: Այն կբացվի միայն 25 տարի անց, երբ կնշվի Վրաստանի անկախության 50- րդ տարեդարձը: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Ալիքի» հետ զրույցում կարևորելով երիտասարդների երազանքները, ասաց, որ «պարտավոր ենք դրանք իրականացնել»:
«Վրաստանն արդեն 25 տարի է անկախ պետություն է: Սա կարեւոր մի ժամանակաշրջան էր մեր պետականության վերակառուցման համար: Հաջողությունների տարի էր, սակայն պարտություններ ևս եղան. պայքար տարածքային ամբողջականության համար, քաղաքացիական պատերազմ ևս տեսանք: Սակայն մենք այսօր ունենք մեր նպատակները, որի շուրջ պետք է համախմբվենք: Դադարենք վիրավորել միմյանց, այլ միավորվենք: Այս գաղափարով պետք է առաջնորդվենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին:
Հենց սրան է ծառայում «ժամանակի կապսուլայի» տեղադրումը. մեր երեխաներն այսօր մտապահեցին իրենց երազանքները, իսկ մենք այսօր ստանձնել ենք դրանք իրականացնելու մեծագույն պարտականոթյունը»:
Տոնակատարությանը ներկա էին Վրաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին:
«Սա այն օրն է, որի համար հազարամյակների ընթացքում պայքար են մղել մեր նախնիները: Սակայն այս օրը չի վերածվի լիարժեք տոնի այնքան ժամանակ քանի դեռ օկուպացված է մեր տարածքի 20 տոկոսը, եւ կա գեթ մեկ փախստական, ով իրավունք չունի իր սեփական տուն վերադառնալ: Իմ երազանքն է, որ բոլոր նրանք հասնեն իրենց տները, եւ վերականվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: