Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ամառանային նստաշրջանի ընթացքում նախատեսում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալ, որը` ի թիվս այլոց, հստակեցնելու է ամուսնության ինստիտուտը` որպես կնոջ եւ տղամարդու միություն:
Ինչպես գրում է «Interpressnews» լրատվական կայքը, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գիա Վոլսկին հատարարել է, որ այս փուլում ընթացակարգային մանրամասներն են համաձայնեցվում: Պատգամավորի կարծիքով` այս հարցում խնդիրը վերաբերում է ոչ միայն Վրաստանում գոյություն ունեցող ավանդույթները հաշվի առնելուն, այլեւ երկրի անվտանգությանը:
«Քաղաքացիական օրենսգրքում պարզ գրված է, որ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միությունն է` ամուսինների հավասարության երաշխիքով եւ երեխայի իրավունքների պաշտպանությամբ: Սահմանադրությունն ունի հատված, որտեղ հիշվում են մայրն ու երեխան, բայց մեր կարծիքով`այստեղ հակիրճ ավելացում է պետք, որպեսզի մեկընդիշտ հստակեցվի, թե ինչ է իրենից ներկայացնում ամուսնությունը: Գործը վերաբերում է ոչ միայն Վրաստանում բնակվող մարդկանց ավանդույթներին ու տրամադրությունները հաշվի առնելուն, այլեւ երկրի անվտանգությանը: Չպետք է թույլ տալ, որպեսզի ստեղծվի կայունությունը խարխլող իրավիճակ, ինչպես նաեւ պետք է խուսափել շահարկումների եւ տարընթերցումներ անելու հնարավորությունից»: