Վրաստանի Գուրջանի քաղաքի (մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա) ոգելից խմիչքների գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ երիտասարդ բանվորը վայր է ընկել և տեղում մահացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդը հատուկ հոսանքի աղբյուրները կաթսաներին էր միացնում, հայտնում է interpressnews.ge-ն: Ոստիկանությունը անվտանգության կանոնների խախտման հետաքննություն է սկսել:
Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի շինհրապարակներից մեկում ևս մեկ աշխատող էր մահացել:
Անցյալ տարվա ընթացքում երկրի տարածքում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում 41 մարդ է մահացել, 63 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Արհմիությունները և մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ են անում Վրաստանի կառավարությանը շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման հարցով նոր օրինագիծ մշակել։