Վրաստանում հոկտեմբերի 6-ը նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, հոկտեմբերի 7-ը լռության օր կհայտարարվի։ Վրաստանի քաղաքացիները մեկ օր կունենան՝ ընտրության հարցում կողմնորոշվելու համար: Հոկտեմեբրի 8-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 19 կուսակցություն, 6 նախընտրական բլոկ և անկախ թեկնածուներ: Այսօր, ժամը 20:00-ից արգելված է նաև ընտրությունների ելքի հետ կապված բոլոր տեսակի հարցումների արդյունքների հրապարակումը: Ըստ Վրաստանի ընտրական օրենսգրքի՝ ընտրություններից 48 ժամ առաջ և ընտրությունների օրը արգելված է ընտրությունների վերաբերյալ հանրային կարծիքի հրապարակումը՝ բացառությամբ դրանց մասնակիցների հնարավոր թվաքանակի մասին տեղեկատվության:
Նախօրեին, քարոզարշավի եզրափակիչ հանրահավանքն է անցկացրել ընտրությունների մասնակից ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»: Թբիլիսիի «Վարդերի» հրապարակում տարբեր տվյալներով 12-ից 60 հազար մարդ էր հավաքվել: Հանրահավաքի մասնակիցները Վրաստանի տարբեր շրջաններից էին: Մասնակիցների շարքում նաև հայաշատ շրջաններից եկածներն էին:
Հավաքի սկզբում Միխեիլ Սահակաշվիլին Օդեսայից դիմեց իր համախոհներին` ասելով, որ ընտրություններով վերջ կդրվի Վրացական երազնանքերին և կվերականգնվի ժողովրդի միասնականությունը: Ապա հաջորդեցին նաև շարժման ցուցակը գլխավորող Դավիթ Բաքրաձեի և կուսակցության մյուս ներկայացուցիչների ելույթները: Ցույցն ավարտվեց երթով, հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Շարժման ներկայացուցիչ Նիկա Ռուռուան արդեն մեկնաբանել է նաև այն, որ հանրավաքի ընթացքում տեսանկարահանող սարքի վրա կախված ավել հայտնվեց: Պալիտրա նյուզի եթերում Ռուռուան ասել է, որ դա անհարգալից վերաբերմունք էր հավաքված հանրության նկատմամբ, ովքեր դուրս են եկել արտահայտելու իրենց դիրքորոշումը:
Դա ստոր, անմիտ անտաղանդ արարք էր, ո՞ր ավելի մասին է խոսքը, այն որով դահիճ Բենդուկիձեն ներկայացում բեմադրեց և եթե այդ ավելն ինչ-որ բան էլ խորհրդանշում է, դա իրենց խորհրդանիշն է՝ Բենդուկիձեի ու նրա հովանավորյալների: Նրանք բոլորը կմաքրվեն հենց այդ նույն ավելով: Հանրահավաքի հետ կապված՝ Ռուռուան ասել է, որ իհարկե մարդաշատ հավաք էր, բայց մասնակիցների թիվը կարող էր նաև ավելի շատ լինել: