Վրաստանի Արտաքին գործերի փոխնարարար Դավիթ Դոնդուան Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ի եւ Վրաստանի միջեւ համագործակցության հարցերը, հեռանկարում նախատեսված ծրագրերը: Արտաքին գործերի փոխնախարարը գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Վրաստանի օկուպացված Աբխազիայի եւ Ցխինվալիի տարածքներում անվտանգության եւ մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող ծանր իրավիճակին:
Դավիդ Դոնդուան կարևորել է հատկապես Ժնևի միջազգային քննարկումները, որոնք թույլ կտան օկուպացված տարածաքներում ներդնել անվտանգության միջազգային մեխանիզմ, կազմակերպել բռնի կերպով տեղահանվածների վերադարձը, աշխատել, որ ՌԴ-ի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունը պահպանվի: Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ ԵԱԿՀ-ի ներգրավվածությունը ռուս-վրացական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացներում:
Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ անդրադարձ է եղել երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը գոհունակություն է հայտնել այն մասին, որ նախընտրական քարոզարշավը աննախադեպ խաղաղ եւ բաց միջավայրում է ընթանում: Դավիթ Դոնդուան շնորհակալություն է հայտնել Լամբերտո Զանիերին՝ Վրաստանում ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ակտիվ գործունեության համար: