
Վրաստանի քաղաքական գործիչներից մի քանիսը մեկնաբանել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերսկսված լարվածությունը:
Մասնավորապես` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին կարծիք է հայտնել, որ Վրաստանը կովկասյան տարածաշրջանի մաս է, և տարածաշրջանային խնդիրներն ուղղակիորեն կապվում են Վրաստանի հետ նույնպես: Պատգամավորը համոզված է, որ ընդհանուր առմամբ, քանի դեռ այս հարցը լուծված չէ, այն հանդիսանում է առանցքային խնդիր` ոչ միայն Հարավային, այլև` ողջ Կովկասի ապագայի համար, որովհետև այդ հակամարտությունում ներգրավված են Հարավային Կովկասի երկու մեծ պետություններ, ինչը` «կողմերին հնարավորություն չի տալիս դրսևորվել որպես ժողովրդավարական բարեկեցիկ տարածաշրջաններ»:


«Սա վատ է թե վրաստանի, թե բոլոր երկրների համար, քանի որ արվելու են բոլոր փորձերը` ավելի լայնածավալ գործողությունների հասնելու համար: Մենք կողմ ենք, որպեսզի չլինեն զոհեր եւ պատրաստ կլինենք մասնակցություն ունենալ` հանդես գալով որպես երկիր, որին անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հակամարտող կողմերը: Լիահույս եմ, որ կովկասյան տարածաշրջանում մեծ պատերազմ այլևս երբեք չի լինի»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամեր առաջ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, խոսել ստեղծված իրավիճակի մասին: Սարգսյանը հայտարարել է, որ զինված հակամարտության արդյուքնում այս պահին հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր: Նախագահը տեղեկացրել է, որ միջոցներ են ձեռնարկվել` սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: