Վրաստանի ճանապարհներին տեղադրված տեսախցիկների մի մասը լիարժեք կերպով չի աշխատում: Այս մասին «AMBEBI.GE» լրատվականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Նա խոստովանել է, որ ճանապարհային տեսախցիկների մի մասը չի գործարկվում, դրանց 30%-ը անորակ տեսագրություն է անում, կամ ընդհանրապես չի աշխատում: Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ այժմ հարցի կարգավորման ուղղությամբ Վրաստանի ողջ տարածքում աշխատանքներ են սկսվել` ստուգվում են բոլոր տեսախցիկները, նաև տեղադրվում են նորերը:
Խուցիշվիլին նշել է, որ Նախարարությունն ուզում է ձեռք բերել ամենաորակյալ տեսախցիկները, այնպիսիք, ինչպիսիք օգտագործում է Նյու-Յորքի, Լոնդոնի, Դուբայի ոստիկանությունը: Փոխնախարարի խոսքով` նոր տեսախցիկները խախտումները գրանցում են ավտոմատ կերպով, ինչը թույլ է տալիս ոստիկաններին` ամեն անգամ անձամբ չհետևել երթևեկության ընթացքին:
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկները ունեն ևս մեկ առավելություն. «Երբ վարորդը մեքենայի արագությունը իջեցնում է միայն տեսախցիկի մոտ, այնուհետև այն անցնելով կրկին ավելացնում, դա խախտում է, որը նոր տեսախցիկները արդյունավետ կերպով արձանագրում են»,- ասել է ՆԳՆ պաշտոնյան` հավելելով, որ այս մեխանիզմը, որն արդեն աշխատում է Լատվիայում, թույլ է տվել 50 %-ով կրճատել ճանապարհատրանսպորտային խախտումների ու պատահարների թիվը: