Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
Շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վրաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուբեն Սադոյանի պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան։
Միխեիլ Ջանելիձեի խոսքով, հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, իսկ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
Դեսպան Սադոյանը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Վրաստանում և վստահեցրել, որ հայ-վրացական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ կանի առավելագույնը։ Դեսպանը խորհրդանշական է համարել այն, որ պաշտոնը ստանձնում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցին։
Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել մոտ ժամանակներս Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն՝ հույս հայտնելով, որ նախագիծը կգրավի նաև վրացի ներդրողների ուշադրությունը, ինչը նախագծին տարածաշրջանային ավելի մեծ նշանակություն հաղորդի։
Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում անդրադարձ է եղել նաև Վրաստանի մասնակցության հարցին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք թույլ կտան վերսկսել այդ ձևաչափով երկկողմ շփումները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական սահմանազատման հարցին՝ հույս հայտնելով, որ կողմերը տվյալ հարցում կգտնեն փոխշահավետ լուծում։
Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ է փաստել վերջին շրջանում Վրաստանում հայաստանցի ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճի մասին։ Այս առումով դեսպան Սադոյանն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում աճի նաև Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվը։
Արտգործնախարար Ջանելիձեն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ավելի խորացնել հարաբերությունները ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Նյութը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության էջից