Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Ջավախք է այցելել: Արդեն կայացել է Ռուբեն Սադոյանի հանդիպումը Սամցխե-Ջավախքի նահանգապետի, Ախալցիխեի քաղաքապետի ու սակրեբուլոյի անդամների հետ:
Քննարկվել են տեղի խնդիրները, մասնավորապես՝ գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտում: Ըստ նահանգապետ Ակակի Մաճուտաձեի՝ շրջանի բնակչությունը երկրի թերևս ամենաաշխատասեր հատվածն է, չնայած սրան, բնակիչները շարունակում են արտագնա աշխատանքի մեկնել: Ի պատասխան Սադոյանը նշեց, որ պետք է հաշվի առնել գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարը՝ հատկապես անասնապահության ոլորտում էլ ավելի շահավետ դարձնել գյուղատնտեսության այս ուղղությունը: Քննարկվել է նաև մսի մթերման եւ արտահանման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը խոսեց տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Ջավախքի լճերը, բերդերը ոլորտում աշխուժություն ստեղծելու լուրջ հնարավորություններ ունեն:
Ըստ Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեի՝ տուրիզմի զարգացման տեսանկյունից հետաքրքրություն կա հարավային Ռուսաստանից. Վրաստանի հայտնի զբոսաշրջային տարածքներում, ինչպես օրինակ Կախեթին, Աջարիան են, հաճախ եղած ռուսաստանցի զբոսաշրջիկներն այժմ հետաքրքրված են Ջավախքով: Ավելին, եթե օրինակ 10 տարի առաջ Ախալցիխեում 1 հյուրանոց կար, ապա այժմ դրանց քանակն անցել է 20-ից: Քաղաքապետն ասել է, որ արդեն 4 տարի է ինչ գործում է հողի ապահովագրության անվճար պետական ծրագիրը, սակայն քչերն են օգտվում դրանից: Սա մի կողմից պայմանավորված է երկրագործության ոլորտով զբաղվող ֆերմերների ինֆորմացիայի պակասով, մյուս կողմից այն իրողությամբ, որ ցրտահարության դեմ ապահովագրական համակարգն այնուամենայնիվ չի գործում:
«Ուրախ եմ, որ Վրաստանի իշխանություններն ուշադրություն են դարձնում մի շրջանի վրա, որը հայ-վրացական եղբայրության կենտրոններից է: Մենք էլ մեր կողմից անհրաժեշտության դեպքում ուրախ կլինենք Հայաստանի կողմից ներդրում ունենալ՝ տարածաշրջանի զարգացման գործում»,- իր խոսքում նշել է դեսպան Սադոյանը:
Սադոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցության միջոցով նոր աշխատատեղեր ստեղծել, և որ Հայաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:
Հանդիպմանը միացել է նաև Իսանի-Սամգորի տարածքի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:
Դեսպանն այցելել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր նրան աղ ու հացով են դիմավորել, կատարվել է ժամերգություն, համատեղ աղոթք բարձրացվել:
Այցի առաջին օրը դեսպանը կհանդիպի նաև ջավախահայերի հետ՝ նահանգապետարանի շենքում, այնուհետև կհաջորդի հյուպատոսական ընդունելություն:
Աշխատանքային այցի երկրորդ օրը կանցնի Ախալքալաքում: Հանդիպումներ են նախատեսված քաղաքի ղեկավարության, տեղի հայության հետ։ Քաղաքապետարանի դահլիճում կանցկացվի հյուպատոսական ընդունելություն, դեսպանը կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, տեղի մշակութային երիտասարդական կենտրոն, Jnews լրատվական կենտրոնի գրասենյակ, Գումբուրդոյի նորակառույց դպրոց, Քարծախ գյուղում գտնվող աշուղ Ջիվանու տուն-թանգարան:
Եռօրյա աշխատանքային այցը կավարտվի Նինոծմինդա քաղաքում: