
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Աղքյորփի գյուղի բնակիչների հետ: Դեսպանը Հայաստանում բնակվող ծնունդով աղքյորփեցիներին հորդորել է օգտակար լինել հայրենի գյուղին՝ ներդրումներ անելով: Դեսպանի կարծիքով՝ դա հայապահպանության լավագույն օրինակ է:
Սադոյանին ուղեկցող Մարնեուլիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն համակարծիք է դեսպանի հետ, որ Հայաստանում բարեկեցիկ կյանք վարող աղքյորփեցիները կարող են գյուղում բարեկարգման ծրագրեր իրականացնել: Վերջինս բերել է ադրբեջանցիների օրինակը՝ վստահեցնելով որ ադրբեջանաբնակ քաղաքացիները հաճախ են պատրաստակամություն հայտնում և ադրբեջանաբնակ տարածքներում բարեկարգման ծրագրերի առաջարկներով դիմում շրջանային ղեկավարությանը:
Հանդիպման եկած Աղքյորփիի բնակիչները խնդիրների մասին խոսել կամ չեն սիրում, կամ դրանք գյուղում չկան: Գյուղի ամենացավոտ հարցերից մեկը ասֆալտին կարոտ փողոցներն են: Հենց այս հարցն էլ բարձրացվեց: Մանկապարտեզի բացակայությունը և դպրոցի շենքային պայմանների բարելավումը ևս լուրջ խնդիրներ են համարում բնակիչները:
Դեսպանն ի պատասխան խոստացավ համապատասխան առաջարկությամբ դիմել, նշեց նաև, որ վրաց գործընկերների՝ մասնավորապես շրջանային ղեկավարության հետ փոխգործակցության պայմանավորվածություն կա:
Սադոյանը խոստացավ խնդիրների լուծմանը հետևողական լինել և մոտ ապագայում կրկին այցելել գյուղ: